Միջազգային մամուլը լայնորեն անդրադարձել է Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունմանը: «Գերմանիայի խորհրդարանը որակեց հայերի կոտորածը որպես ցեղասպանություն' բարկացնելով Թուրքիային». այսպիսի վերտառությամբ է հոդվածը հրապարակել New York Times-ը: «Այն ընդունեց խորհրդանշական, սակայն ոչ դյուրին բանաձեւ' որակելով Օսմանյան Թուրքիայի կողմից 1915 իրականացրած հայերի կոտ որածները որպես ցեղասպանություն. մի քայլ, որը սրում է Թուրքիայի հետ հարաբերությունները այն ժամանակ, երբ Եվրամիությունը վերջինիս աջակցության կարիքն ունի փախստականների ճգնաժամը կարգավորելու հարցում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' գրել է New York Times-ը:

 

BBC-ի բնորոշմամբ' Գերմանիայի պատգամավորները ճանաչում են Հայոց ցեղասպանությունը թուրքերի կատաղության ներքո: «Ժամանակահատվածը ոչ այդքան նպատակահարմար է այն համատեքստում, որ ԵՄ-ն Թուրքիայի կարիքն ունի փախստականների հոսքը կանգնեցնելու համար: Բանաձեւն օգտագործում է «ցեղասպանություն» եզրույթը վերնագրում եւ տեքստի մեջ: Այն նաեւ ասում է, որ Գերմանիան որոշ առումով մեղավոր է Օսմանյան Թուրքիայի հետ դաշնակից լինելու տարիներին կոտորածները չխոչընդոտելու համար»,-նշում բրիտանական հեղինակավոր լրատվամիջոցը: Այն նաև հիշատակում է թուրք- գերմանական հարաբերությունների սրումը երգիծաբան Ժան Բոեմերմանի պատճառով, ում բանաստեղծությունը դրդել էր Էդրողանին քրեական պատասխանատվության ենթարկել երգիծաբանին:

 

The Washington post-ը եւս շեշտադրում է այս հարցում փախստականների գործոնը: «Գերմանիայի խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց հայերի կոտորածները ցեղասպանություն որակելու օգտին' դրդելով Թուրքիային հետ կանչել Գերմանիայում Թուրքիայի դեսպանին: Քվեարկությունը բարձրացրեց լարվածության մակարդակը երկու երկրների միջեւ այն ժամանակ, երբ Անկարան կարեւոր դեր է խաղում փախստականների' դեպի Եվրոպա հոսքը դադարեցնելու հարցում»,-գրում է The Washington post-ը:

 

Բանաձեւին նաեւ անդրադարձել է «Ռոյթերս»-ը' գրելով. «Գերմանիան բարկացնում է Թուրքիային Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված այս բանաձեւով: Գերմանիայի օրենսդիր մարմինը հռչակեց 1915 թվականին Օսմանյան ուժերի կողմից հայերի կոտորածը որպես ցեղասպանություն մի խորհրդանշական բանաձեւով, որը ռիսկի է ենթարկում Անկարայի հետ ունեցած հարաբերությունները հենց այն ժամանակահատվածում, երբ Բեռլինը եւ Եվրոպայի գործընկերները Թուրքիայի օգնության կարիքն ունեն փախստականների ճգնաժամը կարգավորելու հարցում: Ժամանակահատվածը ավելի վատը չէր կարող լ ինել Մերկելի համար, ով պայմանավորվածություն ուներ Թուրքիայի հետ, ըստ որի' Անկարան համաձայնել էր կանգնեցնել փախսստականների հոսքը դեպի Եվրոպա առանց վիզայի ռեժիմի ճանապարհորդելու իրավունք ստանալու, ինչպես նաեւ ԵՄ անդամակցության մասին արագացված զրույցներ սկսելու դիմաց»:

 

Թեմային անդրադարձել են նաև The Independent-ը, Euronews-ը, Financial Times-ը, Time-ը, Times of Israel-ը, USA Today-ը, գերմանական գրեթե բոլոր լրատվամիջոցները: