Հայաստանի գիտության պետական կոմիտեն երկրի գիտական ներուժը լիարժեքորեն օգտագործելու կողմնակից է, սակայն կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն արձանագրում է, որ Հայաստանը դեռ չունի բավարար տնտեսական հնարավորություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' լրագրողների հետ զրույցում Հարությունյանը նշեց, որ երկրի գիտական գերակայությունները որոշվում են՝ հաշվի առնելով եւ՛ տնտեսության, եւ՛ պաշտպանա կան խնդիրները: «Մեր գիտական գերակայությունները արդեն իսկ որոշված են 2015-2019թթ.-ի համար: Բնականաբար, այնտեղ կան կետեր, որոնք միտված են տարբեր ոլորտներում տեխնոլոգիական զարգացումներին եւ պաշտպանական խնդիրների լուծմանը, եւ այդ խնդիրներին մեր հնարավորության սահմաններում ուշադրություն ենք դարձնում, սակայն այժմ ավելի ինտենսիվ ենք սկսելու զբաղվել այս հարցերով: Այժմ ստեղծվել է ռազմարտադրության կոմիտե, վարչապետին առընթեր ռազմական արտադրության խորհուրդ, կից ստեղծվել է ռազմատեխնիկական խորհուրդ, որի ղեկավարումը հանձնարարված է գիտու թյան կոմիտեի նախագահին, եւ բոլոր ծրագրերը, որոնք միտված կլինեն պաշտպանական խնդիրներին լուծմանը, ուսումնասիրվելու են խորհրդում եւ ընթացք են ստանալու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց Սամվել Հարությունյանը:

 

 

Նա նաեւ տեղեկացրեց, որ այդ ծրագրերի իրականացման համար որոշակի բյուջե է նախատեսված, իսկ արդեն այս տարի ստեղծվելու է 2-3 նոր լաբորատորիա: