Սև ծովից ակտիվ ցիկլոնի ազդեցությունը հանրապետության տարածքում կպահպանվի մինչև հունիսի 10-ը ներառյալ, որի հետևանքով հատկապես կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կրկին մեծ է մնում կարկտի հավանականությունը:
Այս մասին Tert.am-ին է հայտնել ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը' ի պատասխան հարցի, թե քանի որ կանխատեսել էր մինչև հունիսի 10-ը անկայուն եղանակ, արդյո՞ք դա ուժի մեջ է մնում և այն կդրսևորվի անձրևներո՞վ, թե՞ էլի կարկուտով. «Ինչպես և կանխատեսվել էր Սև ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ երեկ հանրապետության ողջ տարածքում դիտվել են ակտիվ ամպրոպային գործունեություն և հորդառատ անձրևներ»,-ասել է Գագիկ Սուրենյանը:
Ըստ նրա' ցիկլոնը, հատկապես, ակտիվ կլինի հունիսի 7-9-ին, որի հետևանքով կմեծանա և՛ անձրևների ինտենսիվությունը, և՛ տևողությունը: Նշված ժամանակահատվածում ամպրոպների ժամանակ պետք է սպասել նաև քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Իսկ հունիսի 7-9-ին պայմանավորված արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներթափանցմամբ՝ օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 3-5 աստիճանով: