«Լույսի» տեսուչների կողմից բաժանորդների վրա՝ սպառած էլեկտրաէներգիայի վճարների ուռճացված թվեր գրելու արատավոր պրակտիկան Հայաստանում, որքան էլ ցավալի է, բայց չի վերանում, գնալով ավելի է խորանում։ԼՈՒՐԵՐ.com-ն անդրադառնում է ուշագրավ մի դեպքի, որի մանրամասները բավական հետաքրքիր են ոչ միայն ապօրինությունների շղթայի բացահայտման տեսանկյունից, այլև դրանում պետական մարմինների և պաշտոնյաների ներգրավվածության մասով։
Եվ այսպես, սկսենք սկզբից։
ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի 16-րդ փողոց, 1-ին փակուղի, տուն 3 հասցեի բնակիչ Էդուրդ Հինյանը պարզում է, որ սպառած հոսանքի դիմաց իր տարածքի լույսի տեսուչը ավել գումարներ է գրում։ Ավելի կոնկրետ՝ ապրիլ ամսին սպառած հոսանքի դիմաց բնակչին պարտավորեցնում են վճարել 30 հազար դրամ, այն դեպքում, երբ ձմռան ամենացուրտ ամիսներին նրանք այդքան գումար չեն վճարել։ Բնակիչը հրաժարվում է վճարել 30 հազար դրամը, տեսուչին ասելով, որ կվճարի միայն 20 հազարը, քանի որ նախորդ ամիսներին անգամ 20 հազարը չի գերազանցել։ Առնվազն տարօրինակ է՝ ինչպե՞ս կարող է բնակիչը ձմռան ամենացուրտ ամիսներին վճարել 20 հազար դրամ, իսկ ապրիլին ՝ 30 հազար։
Նրա այս վճռականությունը դուրս չի գալիս էլցանցի տեսուչին՝ Սամվելին, ով այցելում է բաժանորդի տուն՝ «հարցերը լուծելու»։ Սամվելը մենակ չի գնում, իր հետ տանում է մի քանի հաստավիզ դուրսպրծուկների, ովքեր հենց բաժանորդի տանը՝ մանկահասակ երեխայի մոտ, ծեծի են ենթարկում բնակչին՝ հոսանքի ուռճացված թվերը չմուծելու և իր իրավունքների համար պայքարելու համար։ Շտապ օգնությունը ծեծված բնակչին տեղափոխում է Նոր Նորքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Էդուրադի 4-ամյա երեխան այժմ հոգեբանի մոտ է այցելում, քանի որ դեպքից հետո վախեցել է։
Տեսուչը
Ի՞նչ է պատմում ծեծի ենթարկված Էդուրադ Հինյանը
Նրա խոսքով՝ իրեն տեղափոխում են Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղից էլ սկսվում է ապօրինությունների ու կեղծիքների շղթան։ «Ինձ տեղափոխում են հիվանդանոց, էնտեղ գլուխս նկարեցին։ Բժիշկներն էլ կապի մեջ էին էլցանցի տեղամասի պետի ու իր մարդկանց հետ։ Հետո բժիշկը եկավ ասաց՝ հանեք ռենտգենի։ Ռենտգենի եզրակացություններն էլ հիվանդանոցից իրենց ցանկությամբ գրեցին՝ չհաշված այն, որ ինձանից շտապ օգնության կանչի համար պահանջում էին 40 հազար դրամ։ Օրեր հետո, երբ ցավերն ավելի խորացան, համակարգչային տոմոգրաֆիայի գնացի, որի բժիշկն ասաց, որ ինձ մոտ առկա է կոտրվածք և քունքոսկրի ներհրված կոտրվածք»,- պատմում է նա։
Ի՞նչ են արել իրավապահ մարմինները
Ոստիկանությունը բողոքը ստանալուց հետո, այն ուղարկում է Քննչական կոմիտե։ Հարուցվում է քրեական գործ։ Նշանակված քննիչ Պետրոսյանը վախեցնելով, սպառնալով, Էդուրդ Հինյանին համոզում է չբողոքել, գործը փակել։ Սպառնալիքները իրականություն են դառնում, երբ ծեծված բնակչին ևս մեղադրանք է առաջադրվում՝ տեսուչին խփելու համար, որն, ըստ Էդուարդի, անհիմն է, ինքը տեսուչին չի խփել, վերջինս էլ որևէ վնասվածք չունի։ «Իրենք գնացել են դատական բժշկի մոտ, փող են տվել ու իրենց ուզած եզրակացությունը ստացել: Ես բոլոր թղթերն ունեմ, որոնք ապացուցում են իմ ասածը։ Կոռուպցիան սկսվել է հենց Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից։ Ես բոլորի վրա բողքելու եմ մինչև վերջ, քանի որ այս կծիկը պետք է քանդվի։ Դատական բժիշկը գրում է, թե ես բութ գործիքով խփել եմ տեսուչին, հիվանդանոցում գրում են թեթև մարմնական վնասվածք այն դեպքում, երբ նման բան չկա»։ Այժմ ընթանում է քրեական գործի նախաքննությունը։
Ջրվեժի բնակիչը մեկ կարևոր հանգամանք ևս շեշտեց։ Նրա խոսքով՝ քանի որ իրենց տունը գտնվում է Ջրվեժի ռեստորանների հարևանությամբ, իսկ այդ ռեստորանները հաշվիչներ չունեն կամ ունեն, բայց շատ քիչ վարձ են մուծում, պետք է մի տեղից լրացնել ծախսած հոսանքի չվճարված գումարների բացը. «Դա անում են մեր՝ բնակիչներիս միջոցով»։
Ստացվում է հետևյալ պատկերը. ՀԷՑ-ի տեսուչները, տեղամասային պետերը ծեծի կենթարկեն ցանկացածին, ով կհամարձակվի չվճարել իրենց գրած հոսանքի վարձը։ Բժիշկները կարող են ուրանալ իրենց տված Հիպոկրատի երդումը՝ գումարի դիմաց։ Քննիչները կարող են օրենքից դուրս գործողություններ կատարել՝ իրենց շեֆերի կամ «լավ տղեքի» հրամանով։ Եվ այդ ամենի արդյունքում տուժում է քաղաքացին։ Այսինքն՝ ապօրինությունները կատարվում են բարձր մակարդակով, կոծկումները կատարվում են իրավապահների մակարդակով։ ԼՈՒՐԵՐ.com-ը հետամուտ է լինելու քրեական գործի ընթացքին։ Վերջում հավելենք, որ մեր տրմադրության տակ կան բոլոր փաստաթղթերը, հիվանդանոցների ախտորոշումները, որոնք հարկ եղած դեպքում՝ կներկայացնենք։
Տեսանյութն արվել է հենց ապրիլի 25-ին՝ վիճաբանության օրը։ Կադրերում՝ էլցանցի տեսուչն է, ում քիչ հետո միանում են ևս մի քանի հոգի, ովքեր էլ ծեծի են ենթարկում Էդուարդ Հինյանին։
Քրիստինա Աղալարյան