Նախագահի ընտրությանը քվեարկող Հովիկ Աբրահամյանը, ով Սերժ Սարգսյանի շտաբի պետն է ու խորհրդարանի նախագահը, քվեարկելուց հետո պատասխանելով լրագրողների հարցին՝ ԲՀԿ-ի կոալիցիա վերադառնալու հնարավորության մասին, հայտարարել է, թե չի բացառում որեւէ ձեւաչափ:
Նա խորհուրդ է տվել սպասել ընտրության ավարտին, ասելով, թե ամեն ինչ հնարավոր է եւ այդ հարցն անպայման կքննարկի ՀՀԿ գործադիր մարմինն, ու բոլորը տեղյակ կլինեն դրանից:
Հովիկ Աբրահամյանի համար սա իսկապես կարեւոր հարց է եւ այլ բան, քան կոալիցիոն նոր զարգացում չբացառելը, նա իհարկե չէր կարող ասել: Բանն այն է, որ եթե նա բացառի ՀՀԿ-ԲՀԿ նոր կոալիցիան, կնշանակի բացառում է, որ ինքն ապագայում կարող է մնալ Հայաստանի իշխող համակարգի առանցքային դեմքերից մեկը: Հովիկ Աբրահամյանը արդեն տեւական ժամանակ է ՀՀԿ-ԲՀԿ փոխհարաբերության վրա է պահպանում իր տեղը եւ որոշակի դերն իշխող համակարգում: Հենց այդ փոխհարաբերության անհստակությունն էր, որ խորհրդարանի ընտրությունից հետո նրան վերադարձրեց ԱԺ նախագահի պաշտոնին, այն դեպքում, երբ Հովիկ Աբրահամյանը Սերժ Սարգսյանի համար փաստացի տապալել էր այդ ընտրությունը:
Այն ժամանակ էլ ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի հայրենի՝ Արարատի մարզում ՀՀԿ-ն պարտվեց ԲՀԿ-ին, ՀՀԿ-ն պարտվեց նաեւ Շիրակի մարզում, որտեղ պատասխանատուն Հովիկ Աբրահամյանի կուրացիայի տակ գտնվող Վարդան Ղուկասյանն էր: Պատահական չէ, որ հենց Աբրահամյանն էլ Ղուկասյանին համոզեց, որ պետք է թողնել պաշտոնը: Որովհետեւ եթե Ղուկասյանը շատ եւ առավել եւս անհարկի դիմադրեր, ապա պաշտոնը կարող էր թողնել ոչ միայն նա, այլ նաեւ Աբրահամյանը:
Այսօր Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ քվեարկել է ապահով Հայաստանի համար ու վստահ է, որ այս ընտրությունը մեկ քայլ առաջ է լինելու խորհրդարանից: Ըստ ամենայնի Սերժ Սարգսյանի շտաբի պետը նկատի ունի, որ այս անգամ Սերժ Սարգսյանն Արարատում եւ Շիրակում չի պարտվի, ոչ մի տեղ չի պարտվի՝ ինքը թույլ չի տա: Երեւի պատահական չէ, որ Հովիկ Աբրահամյանի եղբայր Ջոնիկը Արարատի մարզում բոլորին ասել է, որ քվեարկեն Սերժ Սարգսյանի օգտին եւ հանկարծ եղբորը «պադվադիտ» չանեն:
Հովիկ Աբրահամյանի հույսերի կամ ակնկալիքների մասին գնահատականները տարբեր են: Ոմանք համարում են, որ նա ձգտում է վարչապետի պաշտոնին: Հնարավոր է, որ Աբրահամյանը գոհ կլինի նաեւ ԱԺ նախագահի պաշտոնը պահպանելու դեպքում:
Բայց, այդ ամենը երեւի թե տակտիկական ակնկալիքներ են: ԱԺ նախագահի բուն խնդիրն այլեւս ավելին է, քան այս կամ այն պաշտոնը: Նա կարգավիճակի համար է պայքարում՝ Սերժ Սարգսյանի ժառանգորդը լինելու կարգավիճակի: Որեւէ պաշտոն նրան հետաքրքիր է արդեն այդ համատեքստում:
Սերժ Սարգսյանի նախընտրական արշավի վերջին, եզրափակիչ միջոցառմանը Մարզահամերգային համալիրի դահլիճում, ելույթն ավարտելուց հետո թեկնածուն հեռանում էր իր շքախմբով, որի մեջ էին ԱԺ նախագահy, վարչապետը, Երեւանի քաղաքապետը, նախարարներ, պատգամավորներ: Բացի Սերժ Սարգսյանից, բոլորի վզին «Ապահով Հայաստան» կարգախոսով շարֆերն էին: Եվ Հովիկ Աբրահամյանն իր վզի շարֆը հանկարծ հանեց ու նետեց տրիբունա: Թվում է ուրախությունից ու ոգեւորությունից: Բայց իրականում երեւի գիտակցության եւ ենթագիտակցության սիմբիոզից ծնված որոշմամբ՝ տարբերվել Սերժ Սարգսյանին ուղեկցող շքախմբում, որպեսզի իր վզին էլ որեւէ բան չլինի՝ ինչպես Սերժ Սարգսյանի: Սերժ Սարգսյանից դեռեւս հետ, բայց մյուսներից արդեն առաջ: Ըստ երեւույթին, դա էր Հովիկ Աբրահամյանի ներքին մղումը:
Այդ ամենի տակի «հողը» ԲՀԿ-ն է: Աբրահամյանի համար կարեւոր չէ ԲՀԿ-ի կոալիցիա վերադառնալը: Կարեւորը, որ ԲՀԿ-ն երբեք չավարտի «դպրոցն», ու Գագիկ Ծառուկյանը միշտ «դաս» ունենա: Հովիկ Աբրահամյանն ըստ ամենայնի հույս ունի 2017-18 թվականներին դառնալ այդ իրավիճակում ամենաապահով փոխզիջումը իշխանության փոխանցման գործընթացում՝ ամենաապահով իհարկե ոչ թե Հայաստանի, այլ ներկայում իշխող քրեաօլիգարխիկ համակարգի համար: Դրա համար Հովիկ Աբրահամյանին անհրաժեշտ է ընդամենը, որ Ծառուկյանը «նույն դասարանում» մնա գոնե եւս հինգ տարի: