ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հունիսի 14-ին հայտնել է, որ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայանալու է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի օրակարգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրն է:

 

«Ազատություն» ռադիոկայանը երեկ փոխանցելով այս լուրը, տեղեկացրել է նաև, որ Պուտինը նախ առանձին կհանդիպի իր հայ և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ, ապա կսկսվի եռակողմ քննարկումը: Ըստ Յու. Ուշակովի, «կձեռնարկվեն ակտիվ քայլեր' հակամարտության կարգավորման հարցում կողմերին օգնություն ցույց տալու ուղղությամբ»:

 

Թե մասնավորապես ի՞նչ «ակտիվ քայլերի» մասին է խոսքը, «շարքային մահկանացուներիս» համար առայժմ մնում է խորհրդավոր ու գաղտնի, բանակցություններից հետո էլ առանձնակի հույս չկա, որ այդ մասին կասվի: Այնուամենայնիվ, որոշ հիմքեր կան ենթադրելու, որ խոսքը երկու կողմերի վրա գործադրվելիք ճնշումների մասին է, որպեսզի Ադրբեջանն ու Հայաստանը, ի վերջո, գան խնդրի քաղաքական կարգավորման շուրջ պայմանավորվածությունների, ինչը Ռուսաստանին հատկապես այժմ խիստ անհրաժեշտ է: Թե ինչո՞ւ, սրան դեռ կանդրադառնանք:

 

Օրակարգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրն ունեցող առաջիկա հանդիպմանը մասնակցելուց Հայաստանի ղեկավարության չհրաժարվելը, դրան մասնակցելուն ՀՀ նախագահի տված պաշտոնական համաձայնություևն արդեն իսկ հուշում են, որ մեր երկրի ղեկավարության վրա ճնշումներ են գործադրվել, որպեսզի ապահովվի Հայաստանի մասնակցությունը: Նույն ճնշումները միգուցե գործադրվել են նաև Ադրբեջանի նախագահի վրա, սակայն դա մեզ արդեն այնքան էլ չի հետաքրքրում կամ ընդհանրապես չի հետաքրքրում… Իսկ ինչո՞ւ ենք ենթադրում, որ Հայաստանի ղեկավարության վրա ճնշումներ են գործադրվել:

 

Եթե չեք մոռացել, ապրիլյան քառօրյա պատերազմից կարճ ժամանակ անց Հայաստանի Հանրապետության ղեկավարության կողմից հայտարարվեց, որ այդուհետ Ադրբեջանի ղեկավարության հետ կբանակցեն միայն այն բանից հետո, երբ շփման գծում միջադեպերի հետաքննման մեխանիզմներ կներդրվեն, մոնիտորինգի համար հսկիչ սարքեր կտեղադրվեն, որոնք թույլ կտան արձանագրել և ապացուցել, թե հրադադարի ռեժիմն իրականում որ կողմն է խախտել, դիպուկահարները հետ կքաշվեն, մշտադիտարկման գործըթնացի համար Կասպրշիկի աշխատակազմի լիազորությունները կընդլայնվեն: Միանգամայն արդարացի և վաղուց անհրաժեշտ պահանջներ կամ նախապայմաններ են սրանք:

 

Իրոք, ի՞նչ բանակցությունների մասին կարող էր ու կարող է խոսք լինել, երբ դրա նախօրեին կամ հենց բանակցությունների պահին, ինչպես քանիցս եղել է, թշնամին սպանում է մեր հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարող զինծառայողին, ՀՀ կամ Արցախի խաղաղ բնակչին, ու հետո էլ դեռ մեզ մեղադրում, թե իբր մենք ենք նախահարձակ եղել: Այսինքն' Հայաստանն ակնկալում էր, որ «միջազգային հանրություն» կոչվածը, որը ոչինչ չարեց ապրիլյան պատերազմը սանձազերծելու և ռազմական հանցագործություններ թույլ տալու համար Ադրբեջանին պատասխանատվության կանչելու համար, գոնե, եթե ընդհանրապես չի դավաճանել արդարության սկզբունքներին և իսկապես ցանկանում է բանակցությունների շարունակում, Ադրբեջանին ստիպի իր համաձայնությունը տալ վերոնշյալ խնդիրների լուծման համար, այդ խնդիրները լուծվեն, ինչից հետո նոր միայն իմաստ ունենա բանակցությունները շարունակել:

 

Սակայն «միջազգային հանրություն» կոչվածը բացարձակապես չարդարացրեց Հայաստանի և Արցախի սպասումները, առանց նշված խնդիրների լուծմանը հասնելու, ՀՀ նախագահը և արտգործնախարարը կանչվեցին Վիեննա: Պատրվակվեց, թե ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երեք պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջնորդությամբ մայիսի 16-ի այդ հանդիպումը հենց այդ խնդիրների լուծման նպատակով է: Մենք չիմացանք, թե փակ դռների ետևում իրականում ինչ հարցեր քննարկվեցին, բայց որոշ հիմքեր կան ենթադրելու, որ հիշյալ հարցերից բացի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի մասնակցությամբ քննարկվել է նաև Արցախյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման հարցը: Վիեննայի քննարկումներից հետո միջնորդները հայտնեցին, որ հունիսին կազմակերպվելու է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոր հանդիպումը:


Ի տարբերության Վիեննայի հանդիպման, որի առնչությամբ միայն ենթադրել կարող ենք, որ, առանց Հայաստանի առաջադրած հիշյալ նախապայմանների կատարման, քննարկվել է նաև ԼՂՀ հիմնախնդրի քաղաքական կարգավորման հարցը, հունիսի 20-ի բանակցությունների առնչությամբ կասկած չկա, որ չնայած այն իրողությանը, որ դեռ չեն կատարվել ՀՀ-ի առաջադրած նախապայմանները, այս կապակցությամբ Վիեննայի հանդիպման ժամանակ ստորագրված համաձայնագրերը մնացել են չկատարված, առաջիկա բանակցությունների օրակարգում հենց ԼՂՀ քաղաքական կարգավորման խնդիրն է: Ինչո՞ւ ենք վստահ այս հարցում…

 

Նախ, Սանկտ Պետերբուրգի առաջիկա բանակցությունների առնչությամբ բացեիբաց հայտարարվում է, որ օրակարգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրն է: Այս մասին ավելի վաղ հայտնել է նաև կամ ակնարկել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Մայիսի վերջին թե հունիսի սկզբին նա թվիթերյան իր միկրոբլոգում գրել է.

 

«Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ անցկացրել ենք կարևոր բանակցություններ ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ: Մենք ակնկալում ենք հունիսին նախագահների հանդիպում»:

 

Ինչպես ակնհայտ է, խոսքը ոչ թե շփման գծում մոնիտորինգի համար հսկիչ սարքերի տեղադրման, միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդրման ու վերոնշյալ մյուս հարցերի լուծման մասին է, այլ հենց ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման:


Հաջորդն այդ մասին ակնարկել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը: Հունիսի 6-ին նա ասել է, որ «…առանց հետաձգելու պետք է վերսկսվեն քաղաքական բանակցությունները խնդրի կարգավորման շուրջ»:

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն էլ հունիսի 6-ին իր հերթին նշել է, որ կա շրջանակային պայմանավորվածությունների հասնելու հեռանկար, իսկ հունիսի 14-ին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է.


«Հիմա մենք շարունակում ենք մեր միջնորդական ջանքերը՝ մշտապես և համապարփակ եղանակով համագործակցելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի մյուս երկու համանախագահող պետությունների հետ և հիմնվելով այն հայտարարությունների վրա, որոնցով 2009-2013 թվականների ընթացքում հանդես են եկել Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահները: Տեսնենք, թե ինչ կտա եռակողմ հանդիպումը, մենք իրագործելու ենք շատ ակտիվ և շահագրգիռ երկխոսություն»:

 

Ընդգծեմ, որ աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 2-ին հանդիպում ունենալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ, կարևորել է մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը, այդ թվում նաև' հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիթորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար։ Այդ պայմանավորվածությունները դեռ չեն կատարվել, հետևաբար հարց չի՞ առաջանում, թե Հայաստանն ինչո՞ւ է գնում Սանկտ Պետերբուրգի բանակցություններին, եթե իսկապես ճնշումներ չեն եղել…

 

ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տեղեկատվության գլխավոր վարչության պետ, քաղաքագետ Դավիթ Բաբայանի ենթադրությամբ, առաջիկա հանդիպումը նույնպես առավել շատ ուղղված է խաղաղության պահպանմանը, «քառօրյա պատերազմից հետո ներկա փուլում այլ հարցերի, մասնավորապես, քաղաքականի քննարկում դժար թե լինի»: Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ առանց հետաքննական մեխանիզմների ներդրման, առանց այդ սկզբնական օղակի, անհնար է լինելու առաջ անցնել:

 

Ինչպես արդեն ակնհայտ է, հարգարժան քաղաքագետը սխալվում է. առաջիկա բանակցությունները վերաբերվելու են հենց արցախյան հիմնախնդրի քաղաքական կարգավորմանը, ըստ Ուշակովի հայտնած տեղեկության, բանակցությունների օրակարգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրն է, հետևաբար առանց հետաքննական մեխանիզմների ներդրման, առանց այդ սկզբնական օղակի, փորձ է արվելու, համենայն դեպս, նախատեսվում է առաջ անցնել' տվյալ հարցի լուծումը թերևս ներառելով հիմնախնդրի համապարփակ կարգավորման շրջանակում:


Ինչպես արդեն նշեցի, Ռուսաստանը ձգտում է, որ կողմերը գան հիմնախնդրի քաղաքական կարգավորման շուրջ պայմանավորվածությունների, ինչը նրան հատկապես այժմ խիստ անհրաժեշտ է: Ի տարբերություն մինչապրիլյան ժամանակաշրջանի, այժմ արդեն ոչ թե ձևականորեն, այլ իրապես, բայց բոլորովին այլ շահագրգռությամբ ու նպատակադրմամբ, նույն նպատակին է ձգտում նաև Արևմուտքը:

 

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը հենց այնպես, պատահականորեն չի ասել, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը տարբերվելու է նախորդներից, քանի որ համապատասխան գերտերությունների մոտ էլ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ քաղաքական կամք է նկատվում:


Իսկ ինչո՞ւ է հիմնախնդրի քաղաքական կարգավորման շուրջ պայմանավորվածությունների կայացումը Ռուսաստանին խիստ անհրաժեշտ: Պատասխանը պարզ է' որպեսզի երկարաժամկետ հեռանկարում իրեն ապահովագրի հարավային սահմանների մոտ մեծամասշտաբ պատերազմի բռնկման հնարավորությունից: Թերևս բոլորին էլ հասկանալի է, որ այդ դեպքում, ուշ թե շուտ, պատերազմի մեջ անխուսափելիորեն ներգրավվելու են Թուրքիան, իսկ հետո ստիպված նաև ինքը' Հայաստանի կողմից: Այսինքն' Ռուսաստանն ակամա ներքաշվելու է Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի տարածքների վրա Թուրքիայի դեմ պատերազմի մեջ (Արևմուտքն ապրիլյան պատերազմի միջոցով հենց այս նպատակն ուներ), որի արդյունքում Ռուսաստանը թեև հաղթելու է, բայց ստիպված է լինելու հսկայական ծախսեր կատարել, ինչը կարող է փլուզել Ռուսաստանի առանց այն էլ ծանր վիճակում գտնվող տնտեսությունը:

 

Ավելին. Ռուսաստանի զինված ուժերի (զինծառայողների և ռազմական տեխնիկայի) անհամեմատ մեծ կորուստների դեպքում, քան Սիրիայում է, այդ պատերազմը կարող է հանգեցնել ՌԴ ներսում հուզումների ու Պուտինի դեմ ըմբոստության, որոնք արհեստականորեն էլ ավելի սրելու հարցում արևմտյան ուժերը հաստատ բաց չեն թողնի առաջացած հնարավորությունը:

 

Պատահական չէ, որ Ռուսաստանը շտապեց հանգցնել ապրիլյան պատերազմով սկսվող հրդեհը: Հակագրոհի անցած Պաշտպանության բանակի ճնշման տակ Ադրբեջանի բանակի նահանջի պայմաններում թշնամի երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն ապրիլի 3-ին թե 4-ին սպառնաց ռմբակոծել, հրթիռակոծել Ստեփանակերտը, ինչին հետևեց մեր կողմի համարժեք արձագանքը' Բաքվին հարվածելու մասին, իսկ հետո արդեն Բաքվի փոխարեն հայտարարվեց Ադրբեջանի նավթագազային կոմունիկացիաները շարքից հանելու մասին: Բոլոր նախադրյալները կային, որ փոքրամասշտաբ պատերազմն ուր որ է կարող է վերածվել մեծամասշտաբի: Եվ ահա իր համար իրադարձությունների զարգացման հիշյալ վտանգավոր ընթացքը թույլ չտալու, կանխելու համար ՌԴ նախագահը հեռախոսով մի քանի անգամ զրուցել է Ս. Սարգսյանի և Ի. Ալիևի հետ, երկու երկրների պաշտպանության նախարարները և զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը կանչվել են Մոսկվա, նրանց պարտադրվել է հրադադարի շուրջ պայմանավորվածության գալ, բացի այդ, ապրիլի սկզբին Երևան և Բաքու ժամանեց վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Նկատենք նաւ, որ Արցախյան հարցի քաղաքական կարգավորումը Ռուսաստանին անհրաժեշտ է նաև այն առումով, որ դրանից հետո Ադրբեջանի մուտքը ԵԱՏՄ կարելի է համարել լուծված հարց, սակայն այս խնդրի լուծումը, համեմատած վերը նշվածի հետ, երկրորդական նշանակություն ունի:


Հիմա կարող է հարց առաջանալ' իսկ ի՞նչ վատ բան կա Արցախյան հարցի քաղաքական կարգավորման մեջ, մի՞ թե տարիներ շարունակ մենք էլ նույն բանը չենք ցանկացել, թող Սանկտ Պետերբուրգի բանակցություններում հենց այդ հարցը քննարկվի: Նախ, ինչպես արդեն նշեցի, Հայաստանի առաջադրած նախապայմանները և Վիեննայի պայմանավորվածությունները դեռ կատարված չեն, Ադրբեջանը գործնականում դեռ չի ապացուցել, որ հրաժարվել ու հրաժարվելու է ուժի կիրառումից, ագրեսիայից, շանտաժի քաղաքականությունից ու պետական մակարդակի ահաբեկչությունից:


Երկրորդ. արցախյան հիմնախնդրի քաղաքական կարգավորումը հատկապես ապրիլյան պատերազմից հետո պետք է բացառի, ի հեճուկս ոմանց, մեր հայրենիքի մասը կազմող ազատագրված տարածքների հանձնումն Ադրբեջանին: Մինչդեռ առաջիկա բանակցությունների հիմքում կազանյան պայմանավորվածություններից բացի, այլ պայմանավորվածություններ չեն կարող լինել, որովհետև այդպիսիք պարզապես չկան: Կազանով բանակցություններն ընդհատվել են և, որպես մեկնակետ, Կազանում ձեռք բերված պայմանավորվածություններով էլ պետք է շարունակվեն, իսկ այդ պայմանավորվածություններից մեկն էլ, ըստ տարբեր ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունների, ազատագրված տարածքներից 5-ի հանձնումն է Ադրբեջանին: Սա կնշանակի դրանից հետո, ոչ հեռավոր ապագայում Արցախի, իսկ հետո նաև Հայաստանի կորուստ (ավելի վաղ սա արդեն հիմնավորել ենք):

 

Մենք մեր արյունարբու թշնամուն շատ լավ ենք ճանաչում, գիտենք նաև նրա խոստումների, երաշխիքների կեղծ ու սին լինելը, հետևաբար պետք է ցանկացած պարագայում բացառենք ազատագրված տարածքների հանձնումը նրան: Սա որպես աքսիոմա: Ինչ վերաբերվում է հիմնախնդրի քաղաքական կարգավորման համար անհրաժեշտ ու պարտադիր փոխզիջմանը, ապա մենք պետք է բոլորին հասկացնենք, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի փոխզիջումը Արծվաշենն ու Նախիջևանն են, Շահումյանը և Գետաշենը, Մարտակերտի ու Մարտունու' Ադրբեջանի կողմից գրավված ու բռնազավթված տարածքները, որոնք ԼՂՀ մասն են: Հետևաբար Ադրբեջանի փոխզիջումն էլ պետք է լինի ԼՂՀ բնակչության կամքի հետ հաշվի նստելը իրավական և քաղաքական համապատասխան արձանագրումներով:

 

Արթուր Հովհաննիսյան