«Ժողովուրդ» օրաթերթը հունիսի 11-ի համարում հայտնել էր, որ մինչ պաշտպանության նախարարության բարձրաստիճան աշխատակիցների այս տարվա մարտի 15-ի աղմկահարույց կալանավորումները, Պնախարար Սեյրան Օհանյանի անվտանգության պետ Սերգեյ Հայրապետովը ծեծի է ենթարկել այդ ժամանակ դեռևս չկալանավորված ՊՆ նյութատեխնիկական դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյանին' ստիպելով «գրել» ավելի ուշ նրա հետ կալանավորված ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանի դեմ: Հրապարակումից անմիջապես հետո ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Գևորգ Խաչիկյանը ծանուցում է ուղարկում հոդվածի հեղինակ «ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանին' «առաջարկելով» ներկայանալ վարչություն' անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու համար՝ առանց նշելու որպես ինչ է լրագրողը հրավիրվում՝ վկա, կասկածյալ թե մեղադրյալ։ ՌՈ աշխատակիցները չկարողանալով հիմնավորել բերման ենթարկելու որոշումը, հեռանում են։

 

Այնուհետև ՀՀ Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածում, որ «Ծանուցագրով լրագրողը հրավիրվել է հարցաքննության, որտեղ նշվել է նրա դատավարական կարգավիճակը՝ պարզաբանելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 5-րդ մասի 10-րդ կետով սահմանված կարգով նա որպես վկա կարող է հարցաքննության ներկայանալ փաստաբանի հետ»։ Սակայն, օրաթերթի գլխավոր խմբագրի հրապարակած ծանուցագրում որևէ նման բան նշված չի եղել։

 

 

ՀՀ Քննչական կոմիտեի քննիչ Խաչիկյանը առավոտյան Ռազմական ոստիկաններին լրագրողի տուն ուղարկելով խախտել է Ռազմական ոստիկանության մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետը, այն է՝ «Ռազմական ոստիկանությունը զորամասերի, զինվորական այլ կազմակերպությունների տարածքներից դուրս զինծառայողների մասնակցությամբ կատարված հանցագործությունների հետ կապված հետաքննությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համատեղ»:


«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ ռազմական ոստիկանության աշխատակիցներն իրավունք չունեն քաղաքացիական անձին բերման ենթարկելու համար ներխուժել բնակարան. «Սա ապօրինություն է»։


Թերթի գլխավոր խմբագիրը սա համարում է ճնշում իրենց օրաթերթի վրա, որպեսզի այսուհետ լրագրողը չկարողանա հրապարակել ՊՆ-ում կոռուպցիայի, ապօրինությունների և այլնի մասին։ «Սակայն, պետք է տխրեցնեմ։ Մենք տարիների ընթացքում պայքարի ճանապարհ ենք անցել և թրծվել։ Մեզ նման հիմար միջադեպերով չեն կարող վախեցնել ու կաշկանդել»,- ասաց Թ. Թովմասյանը։


Փորձեցինք կապ հաստատել ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանի հետ՝ կատարվածի վերաբերյալ բացի պաշտոնական հաղորդագրությունից այլ մանրամասներ ևս իմանալու, սակայն վերջինս համառորեն հեռախոսազանգերին չի պատասխանում։ 

 

Քրիստինա Աղալարյան