Քիչ առաջ Ժիրայր Սէֆիլյանի «Սարդարապատ» շարժման գրասենյակում քննչական գործողությունները ավարտվեցին։ Խուզարկությունից հետո գրասենյակից առգրավվել են համակարգիչներ, փաստաթղթեր, քարտեզներ և այլն։ «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը լրագրողներին ներկայացրեց մոտ երեք ժամ տևած խուզարկության մանրամասները և Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալության փաստի հետ կապված որոշ մանրամասներ։
Նրա խոսքով՝ քննչական կոմիտեի քննիչների խուզարկության նպատակը զենք-զինամթերք գտնելն էր, սակայն ապարդյուն, գրասենյակում ոչ մի զնեք զինամթերք չկար։ Խոսելով կոնկրետ Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալության իրավական կողմի մասին` Վարուժան Ավետիսյանը նշեց, որ ինքը տեղյակ չէ քրեական գործի մանրամասներին, բայց համոզված է՝ դա ևս շինծու է։ Նա ասաց, որ Ժիրայր Սէֆիլյանին խուզարկությունից րոպեներ անց ձերբակալել են.«Նրանց նպատակը Սէֆիլյանին ձերբակալելն էր, արեցին»:
Իսկ քաղաքական երանգի մասին Ավետիսյանն ասաց՝ Սերժ Սարգսյանը փորձում է չեզոքացնել իր քաղաքական թիվ մեկ հակառակորդին, և այս ձերբակալությունը Սէֆիլյանի նախաձեռնած կամավորականների հավաքի հետ անմիջական կապ ունի։ Այսինքն` ՀԽ փոխնախագահի կարծիքով, ռեժիմը Սէֆիլյանին ձերբակալեց, որպեսզի թուլացնի գործընթացները և ազատագրական պայքարը։
Հիշեցնենք՝ ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, 2016թ. մայիսի 20-ին Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել են ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով: Հիշյալ ավտոմեքենայի վարորդն ու ուղևորն ապօրինի կերպով զենք և ռազմամթերք պահելու և փոխադրելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանություն: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով:
Մասնավորապես՝ քրեական գործի շրջանակում համատեղ քննչական և օպերատիվ-հետախուզական մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ժիրայր Սէֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ընդ որում, խմբի անդամները որոշ հանցավոր գործողություններ ծրագրել էին իրականացնել ապրիլյան պատերազմին հաջորդող ժամանակահատվածում:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քրիստինա Աղալարյան
Լուսանկարներում գրասենյակն է՝ խուզարկությունից հետո