Ժամանակին երբ աշխարհում, ապա նաև Հայաստանում ի հայտ եկան կենսաչափական (բիոմետրիկ) անձնագրերը, ոլորտի պատասխանատուները հավաստիացնում էին, որ դա անհրաժեշտ է անձնագրի կեղծումներ թույլ չտալու համար, քանի որ կենսաչափական անձնագրերն ունեն անհամեմատ մեծ պաշտպանվածություն:
Երբ Հայաստանում, արտասահմանյան որոշ երկրների նմանակելով, ավելի ճիշտ, «այս աշխարհի ճարտարապետների» կամքը կատարելով ասպարեզ բերվեցին ու բնակչությանը զանգվածաբար պարտադրվեցին սոցիալական քարտերը ու դրանցով մարդկանց համարակալումը, ոլորտի պատասխանատուները սոցքարտերը կամ սոցքարտերի համակարգը ներկայացնում էին գրեթե ամենաբալասանի պես մի բան, որը մարդկանց ազատելու էր թղթարարությունից, գրագրությունից, բյուրոկրատական քաշքշուկներից, այստեղից-այնտեղից տեղեկանքներ վերցնելու ու դրանք պահանջող հաստատություններ ներկայացնելու հոգսից և այլն, և այլն:
Անցավ որոշ ժամանակ ու թերևս բոլորին պարզ դարձավ, որ չնայած սոցքարտերի համակարգերի և կենսաչափական անձնագրերի ներդրման վրա ծախսված հսկայական գումարներին, դրանք չկատարեցին իրենց այն դերը, որը խոստացվել էր: Հերթական օրինակը փաստում է, որ ոմանք կարողանում են այնքան վարպետորեն կեղծել կամ բարձր մակարդակով կեղծել տալ իրենց անձը հաստատող փաստաթղթերը, որ դրանցով նույնիսկ երկրից երկիր են անցնում, այսինքն' կարողանում են ոչ միայն ներքին գործարքներ կատարել երկրի ներսում, այլև անցնել սահմանապահ, մաքսային ծառայությունների քթի տակով:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Կարեն Ալոյանը Գերմանիայից արտաքսվելուց հետո այնտեղ վերադառնալու նկատառումից ելնելով, կեղծ տվյալներով, կեղծ փաստաթղթով 2015թ. հոկտեմբերի 24-ին հատել է ՀՀ պետական սահմանը և մուտք գործել ՀՀ տարածք: Բացի վերը նշվածից, նա, ըստ մեղադրական եզրակացության, ՀՀ սահմանով իր հետ մաքսանենգությամբ փոխադրել է «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց:
Վերը նշված արարքների համար Կարեն Ալոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի («Պետական սահմանն ապօրինի հատելը») 1-ին մասի, 325-րդ հոդվածի («Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը») 1-ին մասի և 215-րդ հոդվածի («Մաքսանենգությունը») 2-րդ մասի հատկանիշներով, որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: