Ձեռամբ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Պապի մատուցվող Սուրբ և Անմահ Պատարագի համար բեմի տեղադրման աշխատանքները Գյումրիում արդեն գրեթե ավարտված են:

 

 

Բեմի կոնստրուկտիվ աշխատանքներն 99 տոկոսով ավարտված են: Բեմին, որը նաև հանդիսանում է խորան, արդեն տեղադրված է սուրբ սեղանը, իսկ մի անկյունում՝ խաչքար: Խորանն ըստ նախագծի բավական մեծ է՝ 26 մետր երկարությամբ և12 մետր խորությամբ ու լայնությամբ: Ծածկի վրա, գագաթին ունի խաչ:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Տոնիկ Տոնիկյանը, ով կարգավորում է աշխատանքների ընթացքը, ամեն ինչ նորմալ է ընթանում և բեմը պատրաստ կլինի նույնիսկ նախատեսվածից շուտ՝ արդեն վաղը կեսօրին: «Ամեն ինչ ժամանակին կհասցնենք, վերջնաժամկետը նշված է Հռոմի Պապի այցից առաջ, բայց մենք կավարտենք վաղն օրվա կեսին, չնայած մի 4 օր անձրևների պատճառով չենք աշխատել: Հիմա արդեն վերջնական աշխատանքներն ենք անում, անցել ենք հարդարման աշխատանքերին ու վերջնական շտրիխներին: Բեմը նախատեսված է մինչև 150 մարդու համար, բայց իր պոտենցիալը շատ ավելի մեծ է»,-նշեց աշխատանքների պատասխանատուն՝ վստահեցնելով, որ այն շատ ամուր և անվտանգ է:

 

 

Այս բեմին զուգահեռ արդեն տեղադրված է նաև՝ այսպես կոչված երկրորդական՝ երգչախմբերի համար նախատեսված բեմը: Հրապարակում իրականացվում է նաեւ ձայնային համակարգերի մոնտաժման աշխատանքները: Ես մեկ՝ երրորդային հարթակ, հրապարակի ձախ կողմում, նախատեսված է նաև լրագրողների համար: Լրագրողների համար հրապարակի վրա գտնվող «Հոկտեմբեր» կինոթատրոնում կգործի նաև մամլո կենտրոնը, որտեղ ևս այս պահին համապատասխան սարքավորումները տեղադրված են:

 

 

Գյումրու կենտրոնական հրապարակում աշխատանքներն իրականացնում են հրավիրված տարբեր մասնագետների և տարբեր կազմակերպությունների կողմից՝ ինչպես հայկական, այնպես էլ արտերկրից ժամանած: Դեպի հրապարակ տանող որոշ ճանապարհներ արդեն փակ են:

Արմենուհի Մխոյան