Մեծ Բրիտանիայում երեկ կայացած հանրաքվեում երկրի՝ Եվրամիության կազմում մնալու կողմնակիցները, որոնք կազմում են ընտրողների 48 տոկոսը, չեն դադարում պայքարել ու կոչ են անում երկրորդ անգամ հանրաքվե անցկացնել, գրում է Independent-ը:

 

Այսօր Բրիտանիայի խորհրդարանի էլեկտրոնային էջում բացվել է երկրորդ անգամ հանրաքվե անցկացնելու հայցապահանջի էջ, որին մի քանի րոպեում միացել են տասնյակ հազարավոր մարդիկ:

 

Դրա հեղինակները կոչ են անում երկրի կառավարությանը կիրառել այն կանոնը, ըստ որի՝ եթե հանրաքվեին մասնակիցների թիվը չի գերազանցում 75%-ը, որի նվազագույնը 60%-ը չի քվեարկել Եվրամիությունից դուրս գալու կամ կազմում մնալու օգտին, ապա հանրաքվեն պետք է երկրորդ անգամ անցկացվի:

 

Եթե դիմում-պահանջը ստորագրի 100 հազար մարդ, ապա երկրի խորհրդարանը պետք է այն քննի:

Հանրաքվեի ժամանակ բրիտանացիների 51.9 տոկոսը (17,410,742 ընտրող) քվեարկեց ԵՄ-ից երկրի դուրս գալու օգտին, 48.1 տոկոսը՝ մնալու օգտին (16,141,241 ընտրող):