Ո՞րն է հայստանյան քաղաքական դաշտի կենսագործունեության տրամաբանությունը, ո՞րն է այն գաղափարական հենքը, որի վրա խարսխված՝ համակարգն այդ պետք է գործեր ի սպաս մեր երկրի շահերի, ի փառս հայ ժողովրդի. մարդկությանն, ավա՜ղ, դեռևս հայտնի չէ այս խիստ կարևոր հարցի պատասխանը:
Բայց եթե փորձենք հասկանալ վերջին ամիսների այն աժիոտաժի հիմնական պատճառն ու ներշնչման աղբյուրը, որ բավական տևական ժամանակ հանգիստ չի տալիս հայրենի երեսփոխաններին, ինքներս մեզ համար միգուցե ամենևին էլ ոչ անականկալ կերպով կբացահայտենք, որ իրականում ոչ մի տրամաբանություն կամ ռացիոնալիզմ էլ բնորոշ չէ մեր ներքաղաքական կյանքին, իսկ դրանում տեղի ունեցող գործընթացներն այնքան խճճված են ու հակասական, որ ուսումնասիրելիս թվում է՝ իսկական լաբիրինթոս է, կատարյալ քաոս:
Նրանք, ովքեր հետևում են խորհրդարանական կյանքին ու նախընտրում են տեղեկացված լինել երկրի ներսում ընթացող քաղաքական պրոցեսներից, գիտեն, որ ՀՀ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը, միգուցե հակառակ սպասումների, կարողացել էին հասնել կոնսենսուսի ու միաձայն ողջունել նոր Ընտրական Օրենսգիրքը. 4+4+4 ձևաչափի շրջանակում այդ համաձայնությունը հնարավոր էր եղել ձեռք բերել:
Պարզվում է, սակայն, որ այդ «կոնսենսուս» կոչվածը կարող է այնքան էլ նյութական դուրս չգալ ու նոր ԸՕ-ն էլ ցնդի, կորչի գրողի ծոցը. արդեն մի քանի օր է, ինչ ԱԺ-ում բուռն քննարկումներ են ընթանում այս հարցի հետ կապված, ինչից աստիճանաբար պարզ է դառնում, որ, այնուամենայնիվ, կուսակցությունների միջև «պատմական» համաձայնությունը պղպջակ էր, թվացյալ մի բան, որ երբեք էլ գոյություն չի ունեցել, իսկ այն, ինչի մասին հայտարարվում էր, թմբկահարվում նախկինում, ընդամենը ցանկալին իրականության տեղ մատուցելու անզոր փորձեր էին:
Իսկ նման հոռետեսական կանխատեսումների առիթ տալիս է Դավիթ Հարությունյանի այն պնդումը, թե ԸՕ-ն վերջնականապես կյանքի կոչելու համար փող չկա. մի քանի միլիոն դոլար է պահանջվում, ինչը, պարզվում է, ոչ մի կերպ չեն կարողանում ճարել՝ փորձելով հերթական անգամ եվրոպացիներից գումար պոկել: Ասում են՝ անգամ առաջարկ է եղել Հենրիխ Մխիթարյանին դիմելու ու նրանից մի քանի կոպեկ փախցնելու: Այսինքն՝ ստացվում է, որ սույն Ընտրական օրենսգիրքը Դավիթ Հարությունյանի համար, կամա, թե ակամա, վերածվել է անձնական հարստություն դիզելու միջոցի՞:
Ո՞վ է տեսել՝ մի քանի միլիոնի համար, միլիոններ, որոնց պակասը, ինչպես գիտեք, հանրապետական օլիգարխներն առանձնապես չեն զգում, վերցնել ու գրողի ծոցն ուղարկել նոր ԸՕ-ն: Իհարկե, այնպես չէ, որ այնքան միամիտ ենք, որ կարծենք, թե նոր ԸՕ-ի ընդունմամբ երկրիս խնդիրները լուծվելու են կամ ընտրակեղծիքները վերանալու են, բայց եթե ինչ-որ բան են որոշել ու եկել համաձայնության, թո՛ղ միանգամից ընդունեն, հարցը փակեն. ի՞նչ է, այս ժողովրդի ողջ դարդուցավը ԸՕ-ն է, չկա՞ն առավել կենսական խնդիրներ՝ մեր հանրությանը հուզող, որ սպասում են իրենց քննարկմանը, ո՞վ է տեսել՝ ամիսներով մի հարցի շուրջ իրար ուտեն: Թե՞ այդկերպ գրանտ ստանալը Դավիթ Հարությունյանի համար ավելի հեշտ կլինի, քան միանգամից հարցը փակելը…
Փաստ է՝ ինչ-որ բան փոխելու, բարեփոխելու համար նախևառաջ քաղաքական կամք է անհրաժեշտ, ինչը, ցավոք, մեր իշխանությունները չունեն. ամբողջ ուշքումիտքները փող աշխատելն է, գրանտներ գրպանելը…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ