Թուրքիայի նկատմամբ սահմանափակումների վերացման համար անհրաժեշտ փաստաթղթերն այժմ պատրաստվում են ՌԴ կառավարությունում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է կառավարությանն Անկարայի հետ առևտրատնտեսական հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսելու որոշման մասին:
«Պետք է ընդունվեն համապատասխան ակտեր, որոնք կչեղարկեն նախորդ ակտերը, որոնցով սահմանափակում էր մտցվում այս կամ այն գործունեության հարցում»,- հայտնել է Պեսկովը լրագրողներին:
Նա հիշեցրել է, որ Թուրքիայի նկատմամբ հատուկ միջոցները սահմանվել են նախագահի հրամանով: «Համապատասխանաբար կլինի նախագահի հրաման և կառավարության համապատասխան ակտեր: Այդ բոլոր փաստաթղթերն այժմ պատրաստվում են կառավարությունում»,- ասել է նախագահի մամուլի քարտուղարը:
Պեսկովը նաև հավելել է, որ Էրդողանի և Պուտինի հանդիպման ձևաչափը դեռ պարզ չէ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են հանդիպման մասին: