Վերին Լարսի անցակետն ու ավտոճանապարհը, նախնական տվյալներով, անցանելի կլինեն հուլիսի 6-ից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: «Հուլիսի 4-ին, ժամը 17.00-ին Դարիալում նախատեսվում էր ժամանակավորապես բացել ավտոճանապարհը 4×4 թեթև մարդատար մեքենաների համար, հատուկ ռեժիմով՝ ՆԳՆ հսկողությամբ, սակայն հորդառատ անձրևների պատճառով, ելնելով մարդկանց անվտանգությունից՝ Լարսի ավտոճանապարհը չի բացվել»,-նշվում է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:

 

Հունիսի 23-ին' ժամը 16.40-ի սահմաններում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել է, և այդ պատճառով փակվել է ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նշված ավտոճանապարհով արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

 

Հուլիսի 4-ին ՀՀ ԱԻ նախարարությունից տեղեկացրել էին, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ քարաթափման հետևանքով Վերին Լարսի անցակետը մինչև հուլիսի 10-ը դեռևս փակ կլինի: