Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկան և Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցության հետ կապված հարցեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Ռուսաստանի գլխավոր դատախազության ներկայացուցիչ Ալեքսանդր Կուրեննոյը: «Ռուսաստանի գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել Գևորգ Կոստանյանին և Հայաստանի կառավարությանը դատաիրավական ոլորտում երկկողմ համագործակցության հարցում ռուս դատախազների դերը բարձր գնահատելու համար: Նա կարևորել է նման ձևաչափով հանդիպումները, որոնք նպաստում են Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազությունների համագործակցության հեռանկարային ուղիները նախանշելուն»,- ասել է ՌԴ գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչը:
Նա հավելել է, որ Յուրի Չայկան բարձր է գնահատել երկկողմ համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերը: Նշվում է, որ 2008թ. իրականացվել են այդպիսի երեք ծրագրեր: Չորրորդ ծրագրի շրջանակներում սեպտեմբերին նախատեսված են խորհրդակցություններ Երևանում:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալներ Արմեն Հարությունյանը և Էմիլ Բաբայանը, ինչպես նաև կառուցվածքային բաժինների ղեկավարներ: Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել են ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսանդր Գուցանը և բաժինների ղեկավարներ: