Տարիներ առաջ, որոշակի քաղաքական համաձայնությունների արդյունքում՝ ԲՀԿ անդամ Սամվել Բալասանյանը Գյումրիի քաղաքապետ դարձավ, գյումրեցիների մեծամասնության համար նաայնպես էլ չդարձավ յուրային ընկալվելով՝ որպես երևանից պարտադրված քաղաքապետ:

 

Երբ իշխանություն-ԲՀԿ հարաբերությունները սրվեցին՝ Բալասանյանը հայտնվեց անհարմար վիճակում՝ իր Անձի հանդեպ անվստահություն հարուցելով թե իշխանության ներսում, թե ԲՀԿ-ում:

 

Քաղաքական  հակադրություն այլևս չկա:

 

Բալասանյանը մերվել է իշխանություններին, և առնվազն Հովիկ Աբրահամյանի կողմից քաղաքապետի պաշտոնում մնալու «դաբրո» է ստացել:

 

Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ փոխվել է Գյումրիի քաղաքային իշխանության ձևավորման ընտրակարգը:

 

Բացառապես համամասնական ընտրակարգով ընտրվելու է ավագանին, որն իր հերթին ընտրելու է քաղաքապետ: Բալասանյանը ԲՀԿ վերադառնալ չի կարող:

 

Իշխանությունները երկրորդ անգամ չեն հանդուրժի, որ Գյումրիի քաղաքապետ դառնա այլ կուսակցության ներկայացուցիչ:

 

Առհասարակ պարզ է, որ Բալասանյանը հոկտեմբերի 2-ից հետո կարող է մնալ քաղաքապետի պաշտոնում միայն մի դեպքում, եթե գլխավորի ՀՀԿ-ի կամ այդ կուսակցության տանիքի տակ գերիշխող համամասնական ցուցակը:

 

Այստեղ էլ առաջանում է մյուս խնդիրը: Բալասանյանի մամուլի քարտուղարն ասել է, թե իր ղեկավարը չի պատրաստվում նաև ՀՀԿ անդամ դառնալ:

 

Այստեղ են ասել՝ մարդն ուզում է և հաճույք ստանալ և կույս մնալ:

 

Անշուշտ Բալասանյանի իշխանական տանիքը կփորձի այնպես անել, որ Գյումրիի ընտրություններում ՀՀԿ-ն ներկայանա նոմենկլատուրային մի ցուցակով գործող քաղաքապետի գլխավորթությամբ: 

 

Ամբողջ խնդիրն այն է, որ քաղաքապետի անկուսակցական թեկնածուով ընտրությունների գնալն առնվազն պատվաբեր չէ ՀՀԿ-ի համար, հանրապետականները շարունակ խոսում են իրենց կադրային հարուստ բազայի մասին, բայց պարզվում է՝ Գյումրիի քաղաքապետի ընտրություններում չեն կարողանում գտնել մի արժանավոր հանրապետականի՝ հույսը դնելով Բալասանյանի վրա, նախկին «հավատավոր» ՕԵԿ-ականի, նախկին «հավատավոր ԲՀԿ-ականի»:

 

Եթե Գյումրիի ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորի Բալասանյանը՝ Սերժ Սարգսյանի կուսակցությանը կարող են չհավատալ նաև հասարակությունը, գյումրեցիները:

 

Համամասնական ընտրություննեը առաջին հերթին նպաստում են քաղաքական պատասխանատվության ինստիտուտի արմատավորմանը:

 

Մարդիկ ձայն են տալու ոչ թե Բալասանյանին, այլ ՀՀԿ ծրագրին, որն է երաշխիքը, որ ամիսներ անց Բալասանյանը չի լքի ՀՀԿ-ն: ինչպես Ժամանակին լքել է ՕԵկը, ԲՀԿ-ն :

 

Լավ կլինի Բալասանյանը հաճույք ստանալու համար ընտրի Գյումրիի քաղաքապետարանի հեռու, անշառ մի տարածք, այդ դեպքում նա գուցե «կույս» մնա, խոսքը քաղաքական կուսության մասին է:

Սարգիս Հակոբյան