Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղում հայտնաբերել են 37-ամյա կնոջ և նրա երեք անչափահաս երեխաների մարմինները: «Ռուսթավի 2»-ի տեղեկատվության համաձայն' երեխաները 5, 16, 18 տարեկան են: Տանը եղել են կինն ու նրա երեք երեխան, իսկ ընտանիքի գլխավորը մեկնել է արտագնա աշխատանքի` Ռուսաստան:

 

«Իմեդի» հեռուստաընկերությունը հայտնել է, որ ընտանիքի մերձավորների տեղեկություններով' նրանց տանջել են, ենթարկել բռնության, սակայն թանկարժեք իրերը չեն գողացել: Ողջ գյուղը սարսափի մեջ է:

 

Կատարվածի պատճառները դեռևս հայտնի չեն: Փորձաքննությունների համար մարմիններն ուղարկվել են փորձաքննությունների Նինոծմինդայի շրջանային բյուրո:

 

Նախնական տեղեկատվության համաձայն' դեպքը տեղի է ունեցել երկու օր առաջ: Բարեկամները միայն երեկ' հուլիսի 11-ին են հայտնաբերել մարմիններ: Ենթադրվում է, որ մորն ու աղջիկներին մահացու վնասվածքները հասցվել են բութ գործիքով, իսկ ամենափոքրին' 5-ամյա տղային խեղդել են: Ամբողջ գիշեր տեղում աշխատել են կրիմինալիստները: Ներքին գործերի նախարարությունը դեռևս չի մեկնաբանել իրողությունը:

 

Որոշ տեղեկությունների համաձայն' սպանված ընտանիքի անդամները հայ են:

 

Սպանության կասկածյալը ձերբակալվել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: «Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում տեղի ունեցած ողբերգական սպանության կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը հեռախոսազրույցներ է ունեցել Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաչուտաձեի և ոստիկանապետ Թեյմուրազ Կալանդաձեի հետ: Ինչպես հայտնել է վրացական կողմը, դեպի առնչությամբ իրականացվում է հետաքննություն, կասկածյալը ձերբակալվել է: ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի իրավապահ մարմինների հետ և ուշիուշով հետևում է զարգացումներին: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում սպանվածների հարազատներին և բարեկամներին»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ: