Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր' Գայանե Մազմանյան) հուլիսի 11-ին շարունակեց դատավարությունը մի քաղաքացիական գործի, որով հայցվորը Վանաձոր քաղաքի բնակչուհի Բավական Խաչատրյանն է, իսկ պատասխանողները քաղաքացի Սարգիս Հացպանյանը, «Առավոտ» օրաթերթ ՍՊԸ-ն, «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնը և «Նյութ ԱՄ» լրատվական ընկերությունը: Հայցապահանջը հրապարակային ներողություն խնդրելն է, հերքում տալը և ոչ նյութական վնասի փոխհատուցումը յուրաքանչյուրից 3 000 000 դրամի չափով (1 միլիոն դրամը վիրավորանքի և 2 մլն դրամը զրպարտության համար):
Նախ, ի սկզբանե նշեմ, որ հայցվորի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արտուր Հարությունյանի միջոցով դատարան ներկայացված հայցում պատասխանողներից վերջինի փոխարեն գրված է «Նյուս ԱՄ» լրատվական-վերլուծական գործակալություն, սակայն նույնիսկ հիշյալ դատարանի 25.05.2016թ. որոշմամբ պատասխանող «Նյուս ԱՄ» լրատվական-վերլուծական գործակալությունը պատշաճ պատասխանողով փոխարինվելուց հետո, վերջինիս անվանումը դարձյալ սխալ է գրվել, քանի որ «Նյութ ԱՄ» լրատվական ընկերություն պարզապես գոյություն չունի: Ավելին. այն ընկերությունը, որին նկատի ունեն հայցվորի ներկայացուցիչը և դատարանը, ինչպես նաև «Առավոտ» օրաթերթ ՍՊԸ-ն և «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնը սույն քաղ. գործով իրականում ընդհանրապես պատասխանողներ չեն կարող լինել, քանի որ լուսաբանելով հասարակական գործիչ, տարածաշրջանային վերլուծաբան Սարգիս Հացպանյանի մամուլի ասուլիսը (դրա ընթացքում Հացպանյանը տեղեկություններ է հայտնել Բավական Այվազյան անուն ազգանունով մի կնոջ մասին, որը, ըստ նրա, Հայաստանի Հանրապետությունից դեռատի տարիքի, պատանի տարիքի աղջիկներին Վանաձորից, Շիրակի մարզի տարբեր քաղաքներից խաբելով բարձր աշխատավարձով գործ ճարելով, տանում է և Թուրքիայի տարբեր պոռնկատներում աշխատեցնում), նրա հայտնած տեղեկությունները ներկայացրել են Սարգիս Հացպանյանի վրա հղում կատարելով և, համաձայն «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, նման դեպքերում ազատված են որևէ պատասխանատվությունից:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սարգիս Հացպանյանը հիշյալ կնոջ գործունեության առնչությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն, նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում ս. թ. հունիսի 9-ին թրաֆիքինգի հոդվածով քրեական գործ է հարուցվել: Այս իրավիճակում քաղաքացիական գործով դատավարությունը հնարավոր չէր շարունակել, որովհետև իր ասածները հիմնավորելու համար Հացպանյանը պետք է հրապարակեր տվյալներ, որոնք քրեական գործի հարուցումից հետո արդեն հանդիսանում են նախաքննության տվյալներ, իսկ դրանց հրապարակումն առանց քննիչի թույլտվության, ուղղակի կնշանակեր, որ Հացպանյանը կատարում է հանցագործություն, ավելին' նա քննիչի կողմից զգուշացված էր դրանք չհրապարակելու վերաբերյալ:
Հենց վերը նշված պատճառով էլ Սարգիս Հացպանյանը դատարան էր ներկայացրել համապատասխան միջնորդություն, որով դատարանից խնդրել էր հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհնարին է տվյալ քաղ. գործի քննությունը մինչև քրեական գործով որոշման կայացումը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով քաղաքացիական գործի վարույթը կասեցնել: Հրապարակելով իր միջնորդությունը, Սարգիս Հացպանյանը մասնավորապես ասաց.
«ԵԿԴ/0825/02/16 քաղաքացիական գործով քննության իրականացումը և վճռի կայացումն անհնար է հետևյալ պատճառներով.
1. Իմ և մեկ այլ անձի հաղորդումների հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա. Մանասյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է նախաքննության փուլում: Քաղաքացիական գործով դատաքննության ընթացքում ես թե՛ դատարանի և հայցվորի ներկայացուցչի ենթադրելի հարցերին պատասխանելով, թե՛ առանց դրա, անհրաժեշտություն եմ ունենալու հիմնավորել «Նոյյան տապան» մամուլի ակումբում 16.02.2016թ. հրավիրված մամուլի ասուլիսում իմ հայտնած տեղեկությունների ճշմարտացիությունը, սակայն դա չեմ կարող անել, քանի որ իմ այդ քայլով, առանց քննիչի թույլտվության, բացահայտած կլինեմ վերոնշյալ քրեական գործի հարուցումից հետո արդեն նախաքննության նյութեր կամ տվյալներ հանդիսացող տեղեկություններ, որոնք առանց քննիչի թույլտվության հրապարակելը, ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի համաձայն, քրեորեն պատժելի արարք է:
2. Հիշյալ մամուլի ասուլիսի ընթացքում ես հայտնել եմ նաև տեղեկություններ, որոնք լսել եմ Թուրքիայում գտնվող իմ վստահելի մտերիմների և ընկերների կողմից, համոզված եմ եղել և համոզված եմ նրանց հայտնած այդ տեղեկությունների ճշմարտացիության հարցում, սակայն դրանք հիմնավորող ապացույցների ձեռք բերման ուղղությամբ աշխատանքները հիմա ընթացքի մեջ են վերոնշյալ քրեական գործով իրականացվող նախաքննության շրջանակներում, հետևաբար դրանք նույնպես չեմ կարող բացահայտել»:
Հայցվորի ներկայացուցիչը, բնականաբար, անհամոզիչ կերպով առարկեց Հացպանյանի այս միջնորդության դեմ, սակայն քանի որ պատասխանողը բավարար չափով հիմնավորել էր իր միջնորդությունը, իսկ հայցվորի ներկայացուցչի առարկությունը չէր բխում ՀՀ օրենսդրությունից, դատարանը քննարկելով Սարգիս Հացպանյանի միջնորդությունը բավարարեց այն և որոշեց քաղաքացիական գործի վարույթը կասեցնել մինչև քրեական գործով վերջնական դատական ակտի կայացումը:
Ա. Հովհաննիսյան