Պարզվում է, analitik. am լրատվական կայքի գործադիր տնօրեն Անի Հովհաննիսյանի հետ կապված քրեական գործը, որով նշված կայքի ղեկավարին և նրա օգնական Վարդիթեր Գիշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (շորթում), միակը չէ, այսպես ասած, իր տեսակի մեջ: Դրանից առաջ հարուցվել է մեկ այլ քրեական գործ' կայքի խմբագրի, լրագրողի կողմից դարձյալ շորթման մեղադրանքով, դարձյալ պաշտոնատար անձից: Եթե ըստ «Անալիտիկի» գործով առաջադրված մեղադրանքի, շորթումը կատարվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից, ապա այս դեպքում, ըստ քրեական գործի նյութերի, գումարի անօրինական պահանջը ներկայացվել է Թումանյանի քաղաքապետ Լևոն Զավարյանին:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Աննա Գևորգյանը 2012 թվականից հանդիսանալով «Աննա Գևորգյան» ԱՁ հիմնադիր և «Հայկական ժամ» լրատվամիջոցի խմբագիր, ուրիշի հաշվին գումար վաստակելու ցանկությամբ ու դիտավորությամբ, միաժամանակ գիտակցելով, որ սպառնալիքով ուրիշի գույքի նկատմամբ իրավունքն իրեն հանձնելու պահանջն անօրինական է, շորթման նպատակով նախնական համաձայնության է եկել մորաքրոջ' նույնանուն լրատվամիջոցի լրագրող Հերմինե Մանուկյանի հետ: Ըստ մեղադրական եզրակացության, Աննա Գևորգյանը 29.05.2012թ. Թումանյան քաղաքի գազալցակայանում 50 000 դրամի, ինչպես նաև ավտոմեքենան գազով լիցքավորելու պահանջ է ներկայացրել նույն համայնքի ղեկավար Լևոն Զավարյանին' սպառնալով, որ պահանջը չկատարելու դեպքում լրատվամիջոցներում վերջինիս օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ կհրապարակվի: Բացի այդ, համաձայն քր. գործի նյութերի, նա կատարել է սուտ մատնություն:
Աննա Գևորգյանին մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շորթում կատարելու և սուտ մատնության համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նույն քր. գործի շրջանակում 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշով մեղադրանք է առաջադրվել նաև Հերմինե Մանուկյանին: Այս գործով ևս մեկ անձի' Գայանե Մանուկյանին, որի ով լինելը մեզ հայտնի չէ, մեղադրանք է առաջադրվել սուտ մատնություն կատարելուն օժանդակելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 38-333-րդ հոդվածի 1-ին մաս):