Բաքվում Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահներ Իլհամ Ալիևը և Պյոտր Պորոշենկոն «տետ ա տետ» ձևաչափով քննարկել են քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտի և հումանիտար ոլորտում երկկողմանի համագործակցության հեռանկարները։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի կայքը։
«Հանդիպման ընթացքում շեշտվել է Պյոտր Պորոշենկոյի՝ Ուկրաինայի նախագահի պաշտոնում Ադրբեջան կատարած առաջին այցի կարեւորությունը։ Կողմերը կարծիքներ են հայտնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ երկու նախագահի առանձնազրույցից հետո նրանց իսկ նախագահությամբ տեղի կունենա Ուկրաինայի եւ Ադրբեջանի նախագահների խորհրդի 5-րդ նիստը, որի արդյունքում նախատեսված է երկկողմանի փաստաթղթերի ստորագրում։
Մասնավորապես, սպասվում է Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահների խորհրդի 5-րդ նիստի արձանագրության ստորագրում, որով նախատեսվում է երկու երկրի մաքսային մարմինների միջև համագործակցություն սահմանել օդային ճանապարհով բեռնափոխադրումների ժամանակ մաքսային խախտումների դեմ պայքարելու համար, ինչպես նաև 2016-2020թթ. ընթացքում համագործակցություն սահմանել երկու երկրների միջև մշակույթի և արվեստի բնագավառում: