Բակո Սահակյանի ուղերձը Արցախյան ազգային-ազատագրական շարժման 25-ամյակի կապակցությամբ.
«Թանկագին հայրենակիցներ,
Սիրելի արցախցիներ,
25 տարի առաջ այս օրը շրջադարձային եղավ Արցախի եւ ողջ հայ ժողովրդի համար: Մենք ազգովի ոտքի ելանք միջազգային հիմնարար նորմերին ու սկզբունքներին համահունչ խաղաղ եւ օրինական պահանջով' վերականգնելու պատմական արդարությունը, պաշտպանելու մեր ոտնահարված արժանապատվությունը, իրավունքներն ու ազատությունները:
1988-ի շարժման հիմքում ընկած էր մեր ժողովրդի պայքարը' օտար լծի, մոտ յոթ տասնամյակների ընթացքում չդադարող բռնությունների եւ ճնշումների դեմ: Չնայած այդ ամենին, ազգային-ազատագրական այս պոռթկումը չէր սերմանում թշնամանք ու ազգային ատելություն հարեւան ժողովրդի հանդեպ: Բայց Ադրբեջանը մեր քաղաքակիրթ պահանջներին ու խաղաղ ցույցերին պատասխանեց կոտորածներով, ջարդերով, տեղահանումներով ու հալածանքներով: Կրկին փորձ արվեց հայկական հարցը լուծել արդեն իսկ փորձարկված մեթոդով' ցեղասպանությամբ:
Սակայն այս անգամ այդ հրեշավոր քաղաքականությունը դատապարտված էր ձախողման: Համայն հայությունը միավորվեց ու բռունցքվեց' ի պաշտպանություն Արցախի, հայրենի երկրի ու ժողովրդի, նրա պատվի ու հուսալի ապագայի: Հայ ազգի լավագույն զավակների արյան գնով, սխրանքների եւ անձնվիրության շնորհիվ մենք կարողացանք ոչ միայն պաշտպանել մեր անկախությունն ու ազատությունը, այլ նաեւ արժանի հակահարված տալ թշնամուն' խաղաղություն եւ կայունություն հաստատելով ողջ տարածաշրջանում: Հա~վերժ փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին:
Սիրելի հայրենակիցներ,
Անդրադարձ կատարելով 25 տարվա մեր անցած ճանապարհին' կարող ենք պատվով ու հպարտությամբ արձանագրել, որ կյանքի կոչելով 88-ի գաղափարները, հայ ժողովուրդը վերականգնել է իր պետականությունը, եւ այսօր Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնության շնորհիվ ինքն է տնօրինում իր ճակատագիրը, անսասան պահում հայրենի երկրի սահմանները, շենացնում պապերի հողն ու վառ պահում հարազատ օջախի կրակը:
Մենք այսուհետ էլ ազգովի կանենք ամեն ինչ այսքան թանկ գնով նվաճած մեր անկախ պետականության շարունակական ամրապնդման համար: Դա բացառիկ արժեք է, առանց որի անհնար է պատկերացնել հայրենիքի ու ժողովրդի հարատեւումն ու զորացումը:
Թանկագին արցախցիներ,
Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ, Հայաստանի եւ Սփյուռքի մեր բոլոր քույրերին ու եղբայրներին այս մեծ տոնի կապակցությամբ: Մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն եւ մեծագույն հաջողություններ»: