Ծանր եւ երկարատեւ հիվանդությունից հետո հուլիսի 27-ին, 61 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի վերլուծաբան Հարություն Խաչատրյանը:

 

Հ. Խաչատրյանը երկար տարիներ աշխատել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում եւ ուներ կենսաբանության գիտությունների թեկնածուի աստիճան:

 

Նա լրագրություն է եկել 1990-ականների սկզբում: Հ. Խաչատրյանը այն հեղինակների թվում էր, ովքեր աշխատում էին «դեպի արտաքին աշխարհ»՝ ճեղքելով Հայաստանի լրատվական շրջափակումը, առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ (1991-1994 թթ.): Հ. Խաչատրյանը կանգնած է եղել «Նոյյան Տապան»-ի ստեղծման հիմքերում: Նրա մասնագիտական հետաքրքրությունների շրջանակներում էին Հայաստանի ներքաղաքական խնդիրները, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, Հայաստանի տնտեսական վիճակը եւ բարեփոխումները:

 

Հակամարտությունների լուծման վերաբերյալ Հ. Խաչատրյանի առավել հայտնի աշխատանքներից է ադրբեջանցի փորձագետ Ալի Աբասովի հետ համահեղինակած «Ղարաբաղյան հակամարտություն: Լուծման տարբերակները. գաղափարներ եւ իրականություն» գիրքը: Գիրքը ունեցել է երկու հրատարակություն եւ թարգմանվել է չորս լեզուներով:

 

Հ. Խաչատրյանը երկար տարիներ զբաղեցրել է «Նոյյան Տապանի» կողմից 1993 թ.-ից հրատարակվող "The Noyan Tapan Highlights" շաբաթաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնը: Նա նաեւ եղել է Շվեդիայում հրատարակվող «Կենտրոնական Ասիա եւ Կովկաս» ամսագրի ներկայացուցիչը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում:

 

Հ. Խաչատրյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 28-ին ժամը 18.00 Արտաշիսյան 46/1 հասցեում գտնվող սգո սրահում: Վերջին հրաժեշտը կլինի հուլիսի 29-ին ժամը 13.00 նույն վայրից: