Ազատամարտիկ Մհեր Մազմանյանին ձերբակալել և կալանավորել են բացառապես հեռախոսային խոսակցության պատճառով:
Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նշեց Մազմանյանի գործով վկա Միքայել Նազարյանը։
Նազարյանի հավաստմամբ՝ իր և Մհեր Մազմանյանի միջև տեղի է ունեցել հեռախոսային խոսակցություն։ Մազմանյանը՝ լինելով ազատամարտիկ, ռադիկալ տեսանկյուն ու կարծիք է ունեցել իրավիճակի հանգուցալուծման մասին, սակայն Միքայելի հետ ունեցած խոսակցության արդյունքում, փոխելով կարծիքը՝ համաձայնել է Միքայելի հետ գտնել խնդրի խաղաղ հանգուցալուծում։
Նազարյանը հավելեց նաև, որ Մհերը ունեցել է որոշակի սոցիալական խնդիրներ և խոսակցության ժամանակ եղել է նյարդային պոռթկման հոգեվիճակում։
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ի երեկոյան 19:00-ի սահմաններում ձերբակալվել և երկու օր անց կալանավորվել էր ազատամարտիկ, երկրորդ կարգի հաշմանդամ Մհեր Մազմանյանը, նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 219 հոդվածով (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը):