Ռիո դե Ժանեյրոյում 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը ներկա կլինեն պետությունների ու կառավարությունների 45 ղեկավարներ, հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությանը:

 

Արարողությունն օգոստոսի 5-ին կկայանա «Մարականա» մարզադաշտում: Հաղորդվում է, որ 45 թիվը հուլիսի վերջին հրապարակվել էր Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Ժոզե Սերրայի կողմից, բայց պաշտոնապես չէր հայտնվում անվտանգության նկատառումներով:

 

Պեկինի 2008 թվականի Խաղերի բացման արարողությանը ներկա են եղել պետությունների ու կառավարությունների առնվազն 80 ղեկավարներ, Լոնդոնի 2012 թվականի Խաղերին՝ 69, Սոչիի 2014 թվականի Խաղերին՝ 50:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ լատինամերիկյան պետություններից Խաղերի բացման արարողությանն իրենց ներկայությունն արդեն հաստատել են Արգենտինայի և Պարագվայի նախագահները: Չինաստանը 2016-ի Օլիմպիադա կուղարկի միայն փոխվարչապետի, չնայած Բրազիլիայի հետ ունեցած սերտ առեւտրական հարաբերություններին: Եվրոպական պետությունների ղեկավարներից կմասնակցեն Գերմանիայի, Ֆրանսիայի և Պորտուգալիայի նախագահները:

 

ԱՄՆ-ի պատվիրակությունը կգլխավորի պետքարտուղար Ջոն Քերին:

 

Հուլիսի 25-ին Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահը չի պլանավորում մասնակցել Օլիմպիադայի բացմանը, որն օգոստոսի 5-ին կայանալու է «Մարականա» մարզադաշտում:

 

31-րդ ամառային Օլիմպիական խաղերը տեղի կունենան օգոստոսի 5-ից մինչեւ 21-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: