Չնայած Հայաստանում համապետական ընտրություններին բավական ժամանակ կա, պարզվում է, սակայն, որ իշխող Հանրապետականն օր առաջ շտապում է մխրճվել ընտրական՝ արդեն զզվեցնելու աստիճան միօրինակ դարձած գործընթացների մեջ ու ամեն գնով ջանում կառավարել ապագա ընտրազանգվածը:
Պարզվում է՝ ԿԸՀ-ն՝ Տիգրան Մուկուչյանի գլխավորած, արդեն իսկ սկսել է տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ նշանակվելու իրավունք տվող համապատասխան վկայականի համար դասընթացների կազմակերպումը: Ի դեպ, 2017-ի ընտրություններում ընտրական հանձնաժողովի անդամ նշանակվելու իրավունք են ունենալու միայն այն անձիք, ովքեր կմասնակցեն ԿԸՀ-ի դասընթացներին, կունենան համապատասխան վկայականներ:
Թե հատկապես ինչ է սովորեցնելու իր սաներին Մուկուչյանն, անկեղծ ասած, այնքան էլ հասկանալի չէ, քանի որ ինչպես կյանքն է ցույց տվել, նրա պաշտոնավարման օրոք Հայաստանում ընտրությունների անցկացման որակը միայն ընկել է, որակազրկվել…
Բանից պարզվում է, որ ստեղծված իրավիճակում հատկապես նախանձախնդիր են գտնվել հանրապետականները, որոնք, հավատարիմ կուսակցական ավանդույթներին, ոտուձեռ են ընկել՝ ձեռքի տակ եղած ողջ մարդկային ռեսուրսը հնարավորինս օպտիմալ օգտագործելու համար. ասում են՝ ՀՀԿ-ի կողմից դասընթացների ուղարկվողների մեծ մասն իր կամքին հակառակ է մասնակցում այդ դասընթացներին՝ կուսակցության կողմից իրենց հասցեին հնչած սպառնալիքների վախից ելնելով.մարդկանց՝ հիմնականում պետական օղակների աշխատողներին ու մանկավարժներին սկսել են ահաբեկել, թե եթե հրաժարվեն դասընթացներից, կանգնելու են աշխատանքը կորցնելու փաստի առաջ ու փոշմանելու են, որ իրենց աշխատանք տված կուսակցությանը սատար չեն ցանկանում կանգնել:
Որ առաջիկա ընտրությունները գրեթե ոչնչով չէին տարբերվելու նախորդ տասնամյակներին անցկացվածներից, պարզ դարձավ դեռևս այն ժամանակ, երբ խորհրդականները սկսեցին նոր Ընտրական օրենսգրքի քննարկումները: Թե ինչ էր կատարվում այդ օրերին Խորհրդարանում, առանձնապես գաղտնիք չէ. ազգի աչքի առաջ շաբաթներով հայրենի երեսփոխաններն այդպես էլ չէին կարողանում ընդհանուր հայտարարի գալ. ակնհայտ էր, որ այդ ձգձգումները պայմանավորված էին ՀՀԿ-ի ունեցած մտավախություններով, թե նոր ԸՕ-ի պարագայում շատ ավելի դժվար է լինելու քվերկության արդյունքների կեղծումն ու դրանից բխող համապատասխան տեխնոլոգիաների կիրառումը:
Դատելով դասընթացների շուրջ առաջացած աղմուկից՝ արդեն իսկ կարելի է ենթադրել, որ չի բացառվում՝ 2017-ի ընտրություններն իրենց որակով շատ ավելի վատը լինեն, քան նախորդներն էին. գազազած անհասկանալի փոփոխություններից՝ չի բացառվում, որ կուսակցական վերնախավն ավելի մեծ եռանդով սկսի գործի դնել ունեցած իշխանական լծակներն ու դժոխքի վերածի ոչ միայն հասարակության ընդդիմադիր հատվածի կյանքն, այլև՝ յուրայինների:
Այլևս, կարծում ենք, պետք է բոլորի համար էլ պարզ դարձած լինի, որ առաջիկայում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները կրկին դառնալու են իսկական փորձություն հայոց պետականության գլխին, որը, սակայն, այս անգամ մենք կարող ենք և չմարսել՝ հաշվի առնելով արտաքին աշխարհից եկող այն վտանգներն ու սպառնալիքները, որ ծառացած են ներկայումս Հայաստանի գլխին. հնարավոր է՝ այս անգամ էլ լեգիտիմության հարցը մեջտեղից վերացնելու համար Հայաստանի իշխանություններին ստիպեն վարձահատույց լինել ազատագրված տարածքներով՝ մի բան, որ կործանարար կլինի երկրի համար:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ