Արցախի խորհրդարանն այսօր հրապարակել է սահմանադրական փոփոխություններ հայեցակարգը, ըստ որի Արցախի հանրապետությունը կիսանախագահական կառավարման համակարգիցանցում է կատարում նախագահական համակարգի: Թեմայի վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց ԼՂՀ «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի հետ:

 

-Պարո’ն Խանումյան, այսօր հրապարակվեց Արցախում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու հայեցակարգը: Հասցրե՞լ եք ծանոթանալ հայեցակարգին և ի՞նչ կարծիք ունեք դրա վերաբերյալ։


- Մեր կուսակցությունն ի սկզբանե դեմ է արտահայտվել սահմանադրական փոփոխությունների հարցում: Կուսակցությունների, քաղաքական ուժերի փետրվարյան առաջին հավաքում մենք այդ միտքը արտահայտել ենք և մինչ օրս այդ կարծիքին ենք: Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում մեզ անհանգստացնող դրույթներ կան։ Մասնավորապես՝ անցումային դրույթների հետ կապված։ Օրինակ՝ ինչպես է կարգավորվելու մինչև 2020 թվականը նախագահի լինել-չլինելու հարցը, ինչ ձևով է դա լինելու անընդմեջ ընտրության խնդիրները և այլն:

 

- Ըստ Ձեզ՝ խնդրահարո՞ւյց է արդյոք կառավարման նախագահական մոդելի անցումը, թե ոչ։ Ի՞նչ վտանգներ է պարունակում այն։ 


- Հայեցակարգի էությունը կայանում է նրանում, որ նախագահի և Ազգային ժողովի ընտրություններն, ըստ հայեցակարգի, իրականացվում են նույն օրը։ 2020 թվականին Ազգային ժողովի լիազորությունների ավարտից հետո պետք է անցկացվեն նոր ընտրություններ՝ նախագահի և ԱԺ-ի։ Խնդիրն այն է, որ գործող նախագահի լիազորությունների ժամկետը լրանում է 2017 թվականին և տվյալ հայեցակարգում մինչև 2020 թվականը նախագահի կարգավիճակը բաց է մնում։ Դեռևս քննարկվում են այդ անցումային դրույթները և մեզ խիստ անհանգստացնում է այդ հարցը։ 

 

-Այսինքն, ըստ Ձեզ, սահմանադրական փոփոխությունները խնդիր ունեն ապահովելու իշխանության վերարտադրությո՞ւնը։


-Այո, հենց սկզբից մենք ասել ենք, որ մեր հիմնական մտավախությունը դա է։ Սա իշխանության վերարտադրության համար է արվում։ 

 

Սովորաբար, այնպիսի թույլ ժողովրդավար երկրներում, ինչպիսին Արցախն է, սահմանադրություն փոխում են իշխանության վերարտադրության համար: Այն բոլոր բարի նպատակները, որոնք հռչակվում են սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը հիմնավորելու համար, իրականությանը ուղղակիորեն չեն համապատասխանում։ 

 

Միքայել Նազարյան