ԼՂՀ ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մարտական հերթապահության կրման կանոնների խախտման արդյունքում զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ ասվում է. «Սեպտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 370 կրակոց:
Սեպտեմբերի 7-ին' ժամը 01:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մարտական հերթապահության կրման կանոնների խախտման արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Արման Ալիկի Ղանդիլյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»: