Այսօր Կառավարության հերթական նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնեց իր հրաժարականի մասին։
Աբրահամյանն իր պաշտոնավարման 2,5 տարիների ընթացքում չկարողացավ ապահովել իր խոստացած տնտեսական աճը, չկարողացավ վերացնել կոռուպցիան, երկրում ավելի խորացան արատավոր երևույթները։ Նրան պաշտոնից հեռացնելը պայմանավորվեց տնտեսական անկման ցուցանիշներով։ Սակայն, չպետք է բացառել, որ Աբրահամյանի հրաժարականն այլ նպատակներ ու ենթատեքստեր կարող է ունենալ, կարող է ներիշխանական պայմանավորվածության արդյունք լինել և այլն։
Թեմայի վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց իշխող Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի հետ, ով կարծում է, որ Աբրահամյանի հրաժարականը «մի բան էլ ուշ էր»։
-Պարոն Աղաբաբյան, Ձեր կարծիքով ճիշտ ժամանակի՞ն հրաժարական ներկայացրեց վարչապետը, թե՞ ոչ։
-Ուշ էր։
-Այսինքն՝ պետք է ավելի շո՞ւտ հրաժարական տար։
-Ես չասացի, դու ասացիր։
-Ուզում եմ հստակեցնեք։
-Երբ ասում եմ՝ ուշ էր, մեկնաբանությունները թողնում եմ ձեզ, ոնց ուզում եք՝ հասկացեք։
-Ոնց ուզելով հո չի՞, պարոն Աղաբաբյան։
-Բա ինձ զանգել խոսացնո՞ւմ ես։
-Ոչ, հարցազրույց եմ ուզում։
-Ես որոշել եմ չխոսել։
-Այնուամենայնիվ, կփորձե՞ք ամփոփել Հովիկ Աբրահամյանի գործունեության տարիները։
-Ես ասել եմ՝ յուրաքանչյուր փոփոխություն, եթե պետք է օգուտ չտա, անիմաստ է անելը։ Միշտ ասում են՝ մինչև ուրիշը չգա, գնացողին չես իմանա։ Կաշխատեն՝ կերևա։ Ուշ էր, շուտ էր, դա կերևա հետո, հաջորդ վարչապետի աշխատանքից։
-Ի՞նչ եք կարծում, Հովիկ Աբրահամյանի հրաժարականը պայմանավորված էր զուտ տնտեսական անկումո՞վ, թե՞ կային ներիշխանական խնդիրներ, ներքին պայմանավորվածություններ։
-Չեմ կարծում, որ անձնական խնդիր կարող էր լինել։ Կուսակցությունը էդպես է գտել, այդպես է արել։
-Իսկ այն, որ խոսակցություններ կան Աբրահամյանին ընտրություններում շտաբի պետ նշանակելու մասին, դրա՞ն ինչ կասեք։
-Դրա համար եմ ասում՝ կուսակցությունն է որոշում՝ իշխանության մեջ փոփոխություն մտցնի, չմտցնի, ինչ անի, չանի։ Դա գործադիրն է որոշում, ես այդ որոշումներից տեղյակ չեմ։
-Իսկ Կարեն Կարապետյանից՝ որպես ապագա վարչապետ, սպասելիքներ կա՞ն։
-Գիտեք ինչ, ես բազմիցս ասել եմ. ճշմարտության չափանիշը պրակտիկան է, պետք է աշխատի, որ հասկանանք։
-Ձեզ համար Կարապետյանն ընդունելի՞ թեկնածու է։
-Ինձ համար ընդունելի թեկնածուն նա է, ով իմ երկրի համար լավ բան կանի։ Ինձ համար անձը հետաքրքիր չէ։ Ինձ հետաքրքիր է նրա գործունեությունը, թե ինչ ծրագիր ունի և ինչպես պետք է երկիրն այս վիճակից դուրս բերի։
Քրիստինա Աղալարյան