ՀՀ գլխավոր դատախազի անունն արդեն հայտնի է՝ Արթուր Դավթյան։ Ազգային ժողովը 97 կողմ ձայնով համաձայնեց գլխավոր դատախազի պաշտոնը վստահել Դավթյանին։ Թե ինչպիսի դատախազ կլինի նա, դժվար է ասել, ժամանակը ցույց կտա։ Սակայն, նրանից սպասելիքներ ունեն շատերը։ Փաստաբան Երեմ Սարգսյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց՝ նոր դատախազից դրական սպասելքիներ ունի։
«Հատկապես, որ, ընդհանուր առմամբ, նրա մասնագիտական որակներին ծանոթ եմ։ Այս ընթացքում բազմաթիվ գործերով բողոքներ են գրել, որոնց օբյեկտիվ լուծումներ են ստացել, նույնիսկ Երևան քաղաքի դատախազ եղած ժամանակ»,- նշեց փաստաբանը։ Հարցին, թե ինչքանով կկարողանա նոր դատախազը վերացնել իրավապահ կամակարգի, այդ թվում գլխավոր դատախազության նկատմամբ մարդկանց անվստահությունը, Սարգսյանը նշեց՝ տարբեր կառույցների միջև փոխադարձ կասկածամտությունը շատ շատ է։ «Դա երբեմն ազդում է օբյեկտիվ որոշումներ կայացնելու վրա։ Այստեղ, կարծում եմ՝ ամենամեծ խնդիրներից մեկը պետք է լինի այն, որ այդ կասկածամտությունը չազդի գործերի օբյեկտիվ լուծումների վրա։ Ամեն դեպում, Դավթյան Արթուրը պետք է որ կարողանա ժամանակի ընթացքում որոշակի առումով այդ խնդիրներին դրական լուծում տալ։ Սակայն, պետք է արձանագրել, որ այդքան էլ հեշտ չի լինելու, որովհետև մեկ անձով բոլոր այդ խնդիրները լուծելը հեշտ չէ։ Բայց դրական տենդենց միանշանակ պետք է ակնկալվի»,- մանրամասնեց Երեմ Սարգսյանը։
Իսկ ահա «Սասնա ծռերի» խմբի մի քանի անդամների գործով փաստաբան Տիգրան Հայրապետյանը չի շտապում կարծիք հայտնել գլխավոր դատախազի մասին։ «Ես չեմ կարող ասել, քանի որ դեռ նոր է։ Ակնկալիքն այն է, որ դատախազությունն աշխատի որպես դատախազություն, ոչ թե ուղղակի պատրանք ստեղծվի, պատվերով քրեական գործեր չհարուցվի և այլն»,- ասաց Հայրապետյանը։
Փաստաբանը նորանշանակ գլխավոր դատախազի հետ առիթ ունեցել է գործնական շփման։ «Իրեն ճանաչում եմ։ Մի քանի անգամ մեր բողոքները նա նորմալ ընդունել է։ Այդ առումով կարող եմ ասել, որ իր հետ իմ փորձը դրական է եղել։ Գործերից մեկով էլ քաղաքապետարանի 11 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ բայց դա որևէ բան չի նշանակում։ Իհարկե, ժամանակը ցույց կտա։ Երբ մեր միջնորդությունները, բողոքները նորմալ քննության առարկա կդարձվի, այդ դեպքում նոր դատախազությունը կկատարի իր գործառույթը։ Մենք չենք ասում, որ պարտադիր պետք է մեր բոլոր միջնորդությունները բավարարվի։ Դա չէ հարցը։ Պարզապես մերժելու դեպքում պետք է այնպիսի իրավական հիմնավորումներ ներկայացնել, որ միջնորդություն ներկայացնողը հասկանա։ Բայց, երբ միջնորդությունները մերժվում են այնպիսի անհեթեթ պատճառաբանություններով, բնականաբար դա արդեն ազդում է ընդհանուր համակարգի վրա»,- իր տեսակետը ներկայացրեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը։
Հիշեցնենք՝ Արթուր Դավթյանի՝ որպես դատախազի կարևորագույն գործերից է «Հարսնաքարի» աղմկահարույց դեպքը։ Աղմկահարույց այս գործից հետո Արթուր Դավթյանը նշանակվեց Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ։ Պաշտոնավարեց մեկ տարի, որից հետո նշանակվեց Երևան քաղաքի դատախազ։ Մինչև 2016 թվականի հունիս նա պաշտոնավարեց, որից հետո նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի տեղակալ։
Քրիստինա Աղալարյան