ԼՈՒՐԵՐ.com-ի զրուցակիցն է ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար, նախկին ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը։

 

-Պարոն Պետրոսյան, շարունակվում է Ձեր և Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանի միջև դատական վեճը։ Նախ խնդրում եմ հիշեցնել՝ ինչի՞ց սկսվեցին այդ տարաձայնությունները։


- Բարգավաճ Հայաստան կուսակցությանն անդամակցել եմ 2006 թվականից և այլ բան չեմ ապացուցել, քան այն, որ եղել եմ նվիրված կուսակցական, պաշտպանել եմ կուսակցության գաղափարները, կատարել կուսակցական հանձնարարականները: Ինձանից կախված բոլոր ողջամիտ ջանքերը գործադրել եմ կուսակցության վարկանիշն ու բարի համբավը բարձր պահելու համար: 2010թ. դադարեցրել եմ կուսակցությանն անդամակցութույնս` հասարակական գործունեության անցնելու կապակցությամբ: Երբ հանգամանքների զարմանալի բերումով կուսակցության ղեկին հայտնվեց թատերագետ տիկին Զոհրաբյանը, իր անձնական նախաձեռնությամբ ինձ հրավիրեց կուսակցություն (հինգ տարի անկուսակցական է եղել՝ հասարակական գործունեության անցնելու կապակցությամբ-խմբ), որպեսզի ես, որպես այլ կուսակցությունների դռները չծեծած ու առայժմ միակ կուսակցությանը հավատարիմ մնացած անձնավորություն, շարունակեմ իմ ներդրումն ունենալ կուսակցության հետագա ծրագրերում։

 

Ես, համաձայնեցի առաջարկին։ Բայց նա շատ կարճ ժամանակահատվածում ապացուցեց, որ ինքը որևէ լուրջ գործ կատարելու, առավելևս՝ կուսակցություն ղեկավարելու անընդունակ պերսոնա է։ Նա ուղղակի տանել չի կարողանում խոսքի ազատությունը, մերժում է ներկուսակցական դեմոկրատիան, չնայած որ հիմա էլ առիթը բաց չի թողնում քննադատության ենթարկել մինչև իրեն կուսակցությունում առկա դեմոկրատիայի վիճակը։ Իհարկե, ավելորդ ու ամոթալի եմ համարում ցանկացած համեմատություն տիկին Զոհրաբյանի և իր իրավանախորդի միջև, քանի որ ինքս եմ տեսել, որ իր իրավանախորդի օրոք ներկուսակցական դեմոկրատիան մի քանի անգամ ավելի բարձ է եղել, քան իրեն դեմոկրատ հռչակած այս տիկնոջ։ Իմ և նրա հակասությունը սկսվեց նրանից, որ ես, համոզվելով, որ նա զբաղված է ինքնագործունեությամբ, հանդնգնեցի քննադատել նրա գործելաոճը, որ նա ընդհանրապես չի կատարում կուսակցությունների մասին ՀՀ օրենքով և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կանոնադրությամբ կուսակցության վրա դրված պարտականությունները՝ չի հրավիրում քաղաքական խորհրդի նիստ, համագումար, բոլոր հարցերը լուծում է իր կաբինետում' հայտնի ու անհայտ մարդկանց հետ մտերմիկ հեռախոսազրույցներով, դրսևորում է քաղաքական խայտառակ անդեմություն, կուսակցությունը դարձրել է ծաղրուծանակի աարկա:

 

Թող ներվի ասել, բայց նա թքած ունի կուսակցականների կարծիքի վրա։ Կուսակցության որոշումները չպետք է ընդունվեն գաղտնի։ Պատասխանատու որոշումները պետք է կայացվեն քննարկումների արդյունքում։ Իսկ նա ընդհանրապես քննարկում չէր անցկացնում, անցկացնելու դեպքում էլ՝ թռուցիկ, վերջում հրապարակավ հայտնելով մի տեսակետ, որը չէին կիսում հիմնադիր կուսակցականների մեծ մասը։ Նա բոլոր հնարավոր ու անհնարին միջոցնեով կուսակցությունը գլորում է դեպի անդունդը։ Թող ինձ ներեն կուսակցականները, բայց մեկը թող կանգնի ասի՝ ինչ գաղափարախոսություն ունի ԲՀԿ-ն, ուր է գնում։ Ոչ մեկ չի կարող ասել, ինքն էլ չի կարող, որովհետև ինքն այնպիսի ցայտնոտ ու անորոշություն ստեղծեց, որ մարդիկ մոռացան այն նպատակները, ինչի համար մտել էին կուսակցություն։ Այս կարճ ժամանակահատվածում նրան հաջողվեց խորտակել կուսակցության երբեմնի բարձր հեղինակությունը, բայց դեռ ուշ չէ: Կարծում եմ' նրա հեռանալու պարագայում դեռ հնարավոր է վերականգնել կուսակցությունը։ Երիտասարդ, առաջադեմ կադրերի դեպքում դեռ ուշ չէ կուսակցությունը վերակենդանացնելու համար։ Ես հավատում եմ դրան։

 

- Ի՞նչը չներվեց Ձեզ։


-Նա չհանդուրժեց իմ քննադատությունը։ Առանձին հարցերում, եթե կարելի էր փոխըմբռնման մթնոլորտում լուծել կարևոր հարցեր, նա ընդհանրապես արհամարհեց ու ընտրեց այլ ճանապարհ։ Նա ինձ չլսեց, փորձ անգամ չկատարեց լսել իմ նկատառումները, դժգոհությունները և օրերից մի օր ապօրինաբար Ավանի տարածքային կառույցին ստիպեց որոշում կայացնել ինձ կուսակցությունից հեռացնելու մասին։ Ես իր անձի դեմ ոչինչ չունեմ, որովհետև նա այդքան չի բարձրացել, որ ես նրա հետ անձնական խնդիրներ ունենամ։ Նա մի մարդ է, ում կուսակցությունում ընդունում են' իբրև հսկայական քաղաքական ուժը փոշիացնող, լիկվիդացնող վանդալիստ։ Եթե կարող է' թող ինձ դատի տա այս խոսքերի համար: Ես այդպիսի մարդուկի հետ ինչպես կարող եմ անձնական խնդիրներ ունենալ։ Իմ պայքարը բացառապես թելադրված է կուսակցության շահերով։ Ես առայժ ունեցել եմ մեկ կուսակցություն և պատրաստվում եմ վերադառնալ այդ կուսակցության շարքերը: Ասեմ ավելին' ԲՀԿ-ում այսօր հասունանում է սերնդափոխություն. շուտով այդ ձայնը լսելի կլինի: Գալիս են երիտասարդ, բանիմաց ու անպիղծ մարդիկ, ովքեր դուրս են մղելու պիտանիոթյան ժամկետն անցած ու բարոյականության հետ լրիվ վերջնահաշվարկ կատարած անսկզբունք զանգվածին ու իսկապես լծվելու են կուսակցությունը վերակառուցելու և գալիք մարտահրավերներին լրջորեն պատրաստվելու գործին: Բացի այդ, ԲՀԿ-ում դեռ կան բազմաթիվ նվիրյալներ, պատկառելի անցյալի ու հեղինակության տեր մարդիկ, որոնց «փառքը դեռ փրփուրն է ծածկում»...

 

Մենք այդքան ժամանակ չունենք, որ «պարենք իրենց դարն ապրած», արկածախնդիր մարդկանց ծափի տակ ու շարունակենք անդեմ ու ծիծաղելի քաղաքականությունը:

 

-Եթե անգամ դատարանը Ձեզ վերականգնի կուսակցության շարքերում, Դուք պատրա՞ստ եք նրա օրոք շարունակել կուսակցական գործունեությունը։


-Ես կուսակցության շարքեր կվերադառնամ բացառապես Նաիրա Զոհրաբյանի չգոյության պայմաններում։ Նրա օրոք բացառված է, որ որևէ դրական առաջընթաց գրանցվի կուսակցության գործերում։ Ես իհարկե լավատես մարդ եմ, բայց լավատեսությունն էլ պետք է ողջամիտ լինի։ Նաիրա Զոհրաբյանն, ասենք, կարող է փոխել իր հագուստները, իր տեսակետները, իր «կուռքերը», իր երկրպագության օբյեկտներն ու առարկաները, մարդկանց մասին գնահատականները, բայց իրեն փոխել չի կարող: Ես առաջարկում էի հրավիրել համագումար ու նոր կանոնադրություն, որում հստակ ամրագրվեր կուսակցության տիպն ու գաղափարախոսությունը: Նա կտրուկ դեմ էր, քանի որ վախենում է որևէ հարցում կայուն, հստակ դիրքորոշումից: Բա հետո ո՞նց պատասխան տա իր կեցվածքի համար...

 

Նա այսօր մի բան է ասում, վաղը՝ ուրիշ, ուղղակի խուսափում է հստակությունից։ Զոհրաբյանին թողնես՝ միայն պարտաճանաչ հետևի օտար տղամարդկանց վարքի կանոններին, թե ով ում է քծնում, ում հաճոյանում, ով ում ծնունդին ինչ տարավ, ինչ շահեց և այլն։ Նա կուսակցական աշխատանքի հետ կապ չունեցող մարդ է։

 

Նա կուսակցաշինության մեջ այնքան կա, ինչքան ես քվանտային մեխանիկայի, ժամանակակից ուռուցքաբանության կամ գինեկալոգիայի։ Այդպիսի մարդու հետ ես ճանապարհ անցնել չեմ կարող: Դա վտանգավոր զբաղմունք է: Երբ Աստծո կամոք շուտով կուսակցությունում տեղի կունենա սերնդափոխություն, կգան երիտասարդ, նոր կարդրեր, կուսակցությունում կսկսեն նորից արժևորել հեղինակավոր կուսակցականների կարծիքը, այդ ժամանակ ամեն ինչ իր տեղը կնկնի: Այս պահին սա հնչում է իմ բերանով, բայց սա միայն իմ անձնական կարծիքը չէ։ Բոլորի մոտ էլ ահռելի դժգոհություն կա կուտակված։ Մի առիթով ասել եմ, հիմա էլ կրկնում եմ. նա այսօր այնքան չկա, որ Հայաստանի շատ վայրերում դեռ գիտեն, թե կուսակցության նախագահը Գագիկ Ծառուկյանն է, ում նկարը մինչև հիմա դեռ սիրով պահպանվում է տարածքային գրասենյակներում։ Նա ով է և ինչ իրավունքով անխնա գետնին հավասարեցրեց Ծառուկյանի ստեղծած հզոր քաղաքական կառույցը։ Նա դեռ սկզբից չպետք է համաձայներ իր հետ կապ չունեցող դերակատարությանը: Եթե Զոհրաբյանը դեռ մի աննշան խիղճ ունի, ապա օր առաջ պետք է հրաժեշտ տա իր հետ կապ չունեցող զբաղմունքին ու զբաղվի իրեն սազական գործերով: Իր և իր տեսակի դարաշրջանն այլևս պատմություն է։