Հայաստանյան ներքին կյանքը շարունակում է գտնվել բուռն գործընթացների կիզակետում՝ պայմանավորված այն ներքին իրավիճակով, որ ստեղծվել է երկրում Կարեն Կարապետյանի՝ Հայաստանի պետական-քաղաքական դաշտ մուտք գործելու արդյունքում:
Այն, որ ներկայումս երկրին հուզող թիվ մեկ թեման վարչապետի կաբինետի ձևավորման խնդիրն է, փաստ է. հենց սույն հարցից է հիմնականում կախված լինելու այն հարցի պատասխանը, թե արդյոք Կարապետյանին կհաջողվի՞ կյանքի կոչել այն փոփոխությունները, որ խոստացվել են նրա կողմից, և եթե այո, ապա որքանով արդյունավետ կլինեն դրանք:
Իսկ վերջին հարցի պատասխանն էականորեն կախված է լինելու հատկապես այն կարևորագույն հարցից, թե ովքեր են լինելու այն կադրերը, որոնց վստահվելու է այս կամ այն ոլորտի ղեկավարումը: Եվ ահա պարզվում է, որ վերոհիշյալ հարցը՝ կադրերի ընտրության խնդիրը, իսկական ջրբաժանի է վերածվել նախագահ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի հարաբերություններում՝ իշխանական համակարգում ստեղծելով բավական հակասական իրավիճակ, երբ մի կողմից՝ արվում է ամեն ինչ՝ Կարապետյանին որոշումներ կայացնելու ազատություն տալու, մյուս կողմից՝ Կարապետյանի ազատությունը հետզհետե սպառնում է վտանգավոր դառնալ իշխող համակարգի համար՝ մի բան, որը Սերժ Սարգսյանը չի կարող հանդուրժել:
Բանն այն է, որ Կարապետյանը, հանդիսանալով, այսպես ասած, դրսից ուղարկված կադր, Սերժ Սարգսյանին հարկավոր է մինչև ընտրություններ, երբ շնորհիվ Կարապետյանի հեղինակության հնարավոր է դառնալու երկրում առաջ տանել կառավարման մի գիծ, որի արդյունքում իշխանություններն, այնուամենայնիվ, կկարողանան պարզերես լինել ժողովրդի առաջ, ինչը տեսականորեն պետք է օգնի իշխող ուժին ինչ-որ իմաստով ինքնամաքրվել ու հնարավորինս ներկայանալի տեսքով մտնել ընտրապայքարի մեջ:
Ասվածը, սակայն, ոչ մի կերպ չպետք է ենթադրի երկրում ծայրահեղ արմատական փոփոխություններ, որ իշխող ուժի համար կարող է հղի լինել միանգամայն անկանխատեսելի հետևանքներով:Ուստի՝ հիմնական հարցը, որի շուրջ բախվում են նախագահի ու վարչապետի շահերը, թերևս, Կարապետյանի կադրային քաղաքականությունն է (բավական է մտաբերել վերջին 4 նախարարների նշանակման նյուանսները, երբ պարզ դարձավ,որ 4-ից 3-ը բացառապես Կարապետյանի կադրերն են՝ մասնավոր ոլորտից, և միայն մեկն է նախագահականից):
Առկա հակասություններն, ըստ էության, այնքան են խորացել, որ բանը հասել է կառավարությունում կառուցվածքային հստակ փոփոխություններ անելու անհրաժեշտությանը, երբ նպատակ է դրված միմյանցից զատել,առանձնացնել հարկայինն ու մաքսայինը. հարկայինի պետ կմնա Հովհաննես Հովսեփյանը, որն, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի կադրն է, իսկ ահա մաքսայինի պետ, ամենայն հավանականությամբ, կնշանակվի Կարեն Կարապետյանի նախընտրած թեկնածուն՝ «Գազպրոմ-Արմենիա» ընկերության տնօրեն Վարդան Հարությունյանը (սրանք պաշտոններ են, որ հիմնահենքային նշանակություն ունեն տնտեսության ոլորտում ու որոնք ազդեցության հսկայական լծակներ են իրենց մեջ պարունակում):
Բայց նախագահի հակազդեցությունը վարչապետի ինքնատիպ կառավարման ոճին պայմանավորված է ևս մեկ հանգամանքով: Խնդիրը նրանում է, որ Կարապետյանի խիստ ինքնիշխան կեցվածքը կարող է հանգեցնել, այսպես ասած, ներպալատական ապստամբության, երբ յուրայինները, դժգոհ լինելով խաղի նոր կանոններից, կարղ են յուրատեսակ ապստամբություն բարձրացնել ղեկավարության դեմ:
Ըստ էության՝ հենց նմանատիպ սցենարը կանխելուն էր ուղղված Գագիկ Բեգլարյանին պաշտոնաթող անելու բարդ որոշումը, որ, անշուշտ, կայացել է Բեգլարյանի համաձայնությամբ և նունիսկ նախաձեռնությամբ՝ որ ոչ այնքան արտաքին, որքան ներքին օգտագորմանն ուղղված քայլ էր. նպատակն էր՝ ցույց տալ, որ ոչ մի անձնական կապեր ու մտերմիկ հարաբերություններ չեն կարող խոչընդոտ հանդիսանալ նպատակային փոփոխությունների ճանապարհին, ու եթե նույնիսկ Բեգլարյանն է հեռանում, ով, ինչպես հայտնի է, սերտագույն կապերի մեջ է գտնվում թե՛ Սարգսյանի, թե՛ Կարապետյանի հետ, ապա մյուսներն առավել ևս պարտավոր են շատ ավելի զգոն լինել ու չտրտնջալ:
Իսկ թե ինչ վերջնաարդյունքի կհանգեցնի երկրում սկիզբ առած այս բավական հետարքրական պրոցեսը,կարող է,թերևս, ցույց տալ միայն ժամանակը, բայց, որ տեղի ունեցողն ամենևին էլ արհեստական բեմականացում չէ,ակնհայտ է.խաղադրույքները խիստ բարձր են, ճակատագրական, որպեսզի հնարավոր լինի խոսել մակերեսային խաղերի մասին…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ