ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արսեն Բաբայանը analitik.am-ի հայտնի գործով հարցաքննության է հրավիրվել Հատուկ քննչական ծառայություն:

 

Տեղեկություններ են շրջանառվում նաև, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանն իր ցուցմունքներում գրել է նաև իր ու Արսեն Բաբայանի համագործակցության մասին:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժնի պետը մեր տեղեկությունները ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց, հորդորելով դիմել ՀՔԾ. «Դիմեք Հատուկ քննչական ծառայություն: Ես հատուկ քննչական ծառայության լրատվականի ղեկավարը չեմ: Իսկ որպես քաղաքացի՝ չեմ պատրաստվում պատասխանել ձեր հարցերին»,- ասաց նա:

 

ՀՔԾ մամուլի ծառայությունից էլ մեզ հայտնեցին, որ նման տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:

 

Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, թե analitik.am լրատվա-վերլուծական կայքին հովանավորել է նաև ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արսեն Բաբայանը:

 

Դեռևս մայիսի ամսին ՀՀ Աժ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում էր տվել, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր՝ որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու և հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել էր յուրաքանչյուր ամիս վճարել 300.000 դրամ:

 

Դեպքից հետո շորթման փաստով կալանավորվել է կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը: