Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հասնելու բանալին ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը տեսնում է Ադրբեջանի կողմից Արցախի անկախության ճանաչումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով Ալիևի այն խոստովանությանը, ըստ որի՝ փակ դռների հետևում նրա վրա միջազգային ճնշում է գործադրվում, Բաբայանը նշեց, որ միջազգա յին հանրությունը ամբողջությամբ պատկերացնում է՝ առանց այդ ճանաչման խնդրի կարգավորումն անհնար է:

 

«Ինչքան շուտ Ադրբեջանը ճանաչի Արցախի անկախությունը՝ առանց որևէ նախապայմանի, այնքան հեշտ կլինի հակամարտության լուծումը: Առանց նման ճանաչման հնարավոր չէ որևէ շոշափելի արդյունքի հասնել համապարփակ կարգավորման ուղղությամբ: Առավել ևս, եթե Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական նացիստական քաղաքականությունը և ուզում է արդյունքի հասնել վերջնագրերով: Երբ Ալիևն է խոսում նման ճնշումների մասին, նշանակում է, որ միջազգային հանրությունն արմատապես վերանայում է իր մոտեցումները ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ»,- նշեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

 

Հարցին, թե արդյոք այդ ճնշումները կունենան արդյունք՝ Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ Ալիևն ինքն իրեն գցել է ծանր վիճակի մեջ և այն, որ այժմ Ադրբեջանում նացիզմն ու ֆաշիզմը՝ հայատյացությունը և ոչ միայն հայ, այլ նաև տարբեր ազգերի նկատմամբ ատելությունը, դարձել են պետական գաղափարախոսություն, նրա անձնական մեղքն է:

 

Բաբայանի ներկայացմամբ, Ալիևը երկար տարիներ քարոզում էր հայատյացություն և իր այդ վերաբերմունքն օգտագործում է՝ քողարկելու բոլոր չարաշահումները, կոռուպցիան, տնտեսական, քաղաքական և այլ հանցագործություններ: Ալիևը փաստորեն պետք է հրաժարվի այս ամենից, քանի որ Արցախի անկախության ճանաչումն Ադրբեջանի կողմից ոչ միայն քաղաքական խնդիր է, այլ նաև արդեն դարձել է հոգեբանական լուրջ հարց՝ Ադրբեջանում դարձել է բարդույթ Արցախի ճանաչումը:

 

«Այն կնշանակի, որ այսքան տարիների վատնած ռեսուրսները, զոհերն ու ավերածությունները Ադրբեջանի նախագան արել է իր սեփական շահերից ելնելով, ոչ թե՝ ժողովրդի կամ պետության»,-նշեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը' նկատելով, որ Ադրբեջանի հասարակ քաղաքացուն ձեռնտու է, որ իր երկիրը Արցախի անկախությունը ճանաչի և հարցը լուծվի:

 

Պաշտոնական Բաքուն այլևս չի կարողանում քողարկել, այն որ միջազգային հանրությունը հակվում է ԼՂՀ ճանաչման անհրաժեշտությանը: Այս մասին արդեն բացեիբաց հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը' Ադրբեջանի կառավարության' նախօրեին տեղի ունեցած նիստի ժամանակ: «Փակ դռների հետևում մեզ վրա ճնշում են գործադրում' նպատակ ունենալով հանգեցնել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը: Մենք չենք բացահայտում շատ մանրամասներ, քանի որ կան դիվանագիտական կանոններ»,- ասել է Ալիևը: Ադրբեջանի նախագահը համոզմունք է հայտնել, որ ԼՂՀ ճանաչման հարցով իր երկրի դեմ ակտիվ քարոզչություն է իրականացվում: Այս հարցում նա անգամ մեղադրել է Արևմուտքի երկրների լրատվամիջոցներին և ոչ կառավարական կազմակերպություններին: