Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանին:

 

Շնորհակալություն հայտնելով ՊԵԿ նախկին նախագահին կատարած աշխատանքի համար՝ վարչապետը նշել է, որ Հովհաննես Հովսեփյանն իր լուման ներդրել է ՊԵԿ-ի գործունեությունը կանոնակարգելու աշխատանքում: Կարեն Կարապետյանը շնորհավորել է Վարդան Հարությունյանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ավելացրել, որ նրանից ակնկալում է արդյունավետ աշխատանք: Ընդգծելով ՊԵԿ գործունեության կարևորությունը՝ որպես առաջին գծում աշխատող կառույցի, վարչապետը գերատեսչության աշխատակազմին է ներկայացրել այն խաղի կանոններն ու ուղղությունները, որոնք դրված են լինելու ՊԵԿ հետագա գործունեության հիմքում:

Այդ համատեքստում, կառավարության ղեկավարը կարևորել է օրինապահ քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների գործունեության համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծումը: «Շատ դեպքերում միջոցառումներ ենք կազմում, ծրագրավորում՝ այն գործարարի համար, որը դաշտում չէ և որի նկատմամբ պետք է որոշակի պատժամիջոցներ կիրառել: Չենք մտածում, թե այդ գործառույթները, միջոցառումներն ինչ ազդեցություն կունենան օրինապահ, սպիտակ դաշտում աշխատող գործարարի գործունեության համար: Հայտանիշը հետևյալն է. եթե այդ միջոցառումները նույնիսկ կարող են մեծ օգուտ բերել, բայց սպիտակ դաշտում աշխատողի համար խնդիրներ առաջացնել, ապա այդ միջոցառումները չենք կիրառելու»,- ասել է Կարեն Կարապետյանը:

 

Վարչապետն անհրաժեշտ է համարել առավելագույնս կրճատել փաստաթղթերի, տեղեկանքների տրամադրման ցանկն ու ժամկետները: Մասնավորեցնելով, վարչապետը նշել է, որ խոսքը գնում է ոչ միայն այն տեղեկանքների մասին, որոնք ՊԵԿ-ն է պահանջում, այլ նաև այն տեղեկանքների, որոնք անհրաժեշտ են այլ գերատեսչություններից՝ ձևակերպումներն իրականացնելու համար: «Խաղի կանոններն առավելագույնս պետք է պարզ ձևակերպված լինեն, քաշքշուկը և անհրաժեշտ տեղեկանքների քանակը պետք է հասցնել նվազագույնի: Եթե այս կամ այն երկրի սերտիֆիկատը մեզ համար ընդունելի է, լրացուցիչը չպահանջենք»,- ասել է Կարեն Կարապետյանը:

 

Անդրադառնալով հսկիչ գներին՝ վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է վերանայել դրանց կիրառման մեխանիզմն ապրանքների ներմուծման ժամանակ, կիրառել ապրանքների մաքսային արժեքների հաշվարկի համար գործարքի գնի մեթոդը՝ հիմք ընդունելով արտահանող երկրի մաքսային մարմինների կողմից հաստատված արտահանման ինվոյսը: Ըստ գործադիրի ղեկավարի, այդ ոլորտում բավականին աշխատանք է կատարվել, բայց անելիքներ դեռ կան. «Օրինակ, հստակ սահմանել այն երկրների ցանկը, որոնց նկատմամբ արժանահավատություն կա և ընդունել այնտեղի ինվոյսի գինը: Խոսքն այն երկրների մասին է, որտեղ առկա է ԱԱՀ-ի վերադարձ: Անհրաժեշտ է ուսումնասիրել այս դաշտը, եթե մենք սրանով ոլորտը կանոնակարգում ենք՝ քաշքշուկը վերանում է, հսկիչ գների կիրառման դաշտը փոքրանում է, բիզնեսը հասկանում է խաղի կանոնները, կարծում եմ, որ այստեղ կունենանք արդյունք»:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ՊԵԿ աշխատակազմից ակնկալում է ծառայողի կերպարի արմատական վերափոխում: «Մենք առավելագույնս պետք է աշխատենք, որպեսզի օրինապահ բիզնեսը, իրավաբանական անձը նվազագույն կերպով զգան ձեր միջամտությունը և հակառակը, ովքեր այդ դաշտում չեն գործում, պարբերաբար պետք է զգան ձեր ներկայությունը»,- ասել է վարչապետը:

 

Վարչապետի խոսքով՝ բոլորի համար պետք է լինի հավասար դաշտ և, որպեսզի բոլորը համոզվեն դրանում, ըստ կառավարության ղեկավարի, անհրաժեշտ է գործել առավելագույնս թափանցիկ:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՊԵԿ գործունեության էլեկտրոնային համակարգի կատարելագործմանը, վարչարարության ընթացքում առաջացող հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, հետադարձ կապի ապահովմանը վերաբերող հարցերի: Վարչապետը նշել է, որ ակնկալում է նաև ՊԵԿ-ի կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ: