Այն, որ Հայաստանում արդեն վաղուց նորմալ քաղաքական դաշտ գոյություն չունի, առանձնապես նորություն չէ. չկա որևիցե ուժ, որին ժողովուրդը անվերապահորեն հավատար, որի հետևից գնար ու որին վստահեր իր ու հետագա սերունդների ապագան: Իսկ ստեղծված իրավիճակի հիմնական մեղավորը, ինչպես հասկանալի է, հայրենի իշխանություններն են, որոնց համառ ջանքերի շնորհիվ է, որ ներկայումս դաշտը գտնվում է այսչափ մարգինալիզացված վիճակում:Իշխանությունների վերահսկողությունը ներքաղաքական դաշտի նկատմամբ այնքան ուժեղ է ու տոտալ, որ, ինչպես ասում են, հավքն իր թևով, օձն իր պորտով չեն կարող մուտք գործել քաղաքականություն, եթե կանխավ չլինի իշխանությունների նախնական համաձայնությունն ու այն հստակ պլանը, որով նորեկը պարտավոր է լինելու գործել: Ահա սա է մերօրյա դաժան իրականությունը, որում մենք ապրում ենք ու որը, դատելով ամենայնից, առայժմ միտք չունի փոխվելու:
Անձն, ում մասին հիմա խոսք կգնա, իսկ և իսկ տեղավորվում է վերը նկարագրված իրողությունների ընդհանուր տրամաբանության համատեքստում՝ ինքն իրենով իսկ մարմնավորելով այն բոլոր արատավոր երևույթները, որ բնորոշ են մեր քաղաքական դաշտին դեռևս անհիշելի ժամանակներից.ուշադրությո՛ւն, խաղի մեջ է մտնում Դալլաքյան Վիկտորը, ով, ինչպես հայտնի է, նախքան սեփական տերերի դեմ նրանց իսկ հրամանով սուր ճոճելու մասին ճակատագրական որոշում կայացնելը, աշխատում էր նախագահ Սարգսյանի աշխատակազմում ու, պետք է ասել, ամենևին էլ իրեն վատ չէր զգում: Ինչպես հայտնի է, սակայն, այս կյանքում ամեն բան անցողիկ է, ու Դալլաքյանի՝ նախագահականում վերջին տարիներին արած կարիերան ևս, այս առումով, բացառություն չդարձավ:
Թե հատկապես որն է իրեն վաղուց սպառած, հանրության համար ձանձրալի դարձած այս սուբյեկտին քաղաքական դաշտ ուղղորդելու բուն իմաստն ու նպատակն, անկեղծ ասած, այնքան էլ մինչև վերջ հասկանալի չէ, քանի որ կատաղի ընդդիմադիրի դիմակ քաշել մեկի երեսին, ով ընդամենը մեկ օր առաջ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր, նրա ներկայացուցիչը Ազգային ժողովում, այնքան էլ ռացիոնալ չի թվում. կնշանակի՝ այդ անողները կա՛մ ֆանտազիայի պակաս են ունեցել, կա՛մ գաղափարական վակուումի ճանկերում են հայտնվել, կա՛մ էլ որոշել են մի լավ «կայֆավատ» լինել հանրության վրա…
Երբ այս ողջ կրկեսային ներկայացման բեմադրող ռեժիսորները իրենց գրասենյակներում համապատասխան սցենարն էին մշակում Վիկտոր Դալլաքյանի համար, տեսնես չէի՞ն մտածում, որ Հայաստանում հիմարներ չկան ու բոլորն էլ շատ լավ հասկանում են, թե իրականում ինչ է կատարվում քաղաքական դաշտում, չէի՞ն իմանում, որ իրենց այս քայլով իրականում ծնունդ են տալիս մի նոր՝ «դալլաքյանիզմի» ֆենոմենին, որ իսկական ապտակ է՝ ցանկացած իրեն հարգող ու ադեկվատ համարող մարդու երեսին:
Անկասկած է՝ Դալլաքյանի վրա խաղադրույք կատարելու մասին որոշումը գալիս է այն թյուր համոզումից, թե իբր մարդկանց մեծամասնության հիշողությունը խիստ կարճ է, ու հին ու հոտած, բայց համադամ համեմունքներով համեմված ուտեստը նոր փաթեթավորմամ հանրությանը հրամցնելու պրոցեդուրան առանձնակի բարդություն չի ներկայացնի, իսկ ժողովուրդն էլ ուզած-չուզած կծափահարի իրենց կողմից բեմադրված անտաղանդ ներկայացմանը:
Մի խոսքով՝ ոչ թե քաղաքականություն, այլ իսկական շոու, ուր արտիստների դերում հանդես են գալիս բոլորիս հայտնի քաղաքական դեմքերը, որոնք, սակայն, արդեն վաղուց բոլորին մահու չափ հոգնեցրել են…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ