Առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանի անմիջականությունը գնահատում եմ: Դրական է, որ նա մյուսների նման արհեստական պատեր չի կառուցում իր և լրագրողների հարաբերություններում: Ալթունյանն ու մյուս նորանշանակ նախարարները «հրեշտակներ» չեն:Սակայն քչերն են Առողջապահության նախարարի նման խոստովանում, որ բժիշկ աշխատելու տարիներին իրեն վերաբերմունք են ցույց տվել կոնյակի տեսքով: Մյուս տպավորությունն այն է, որԼևոն Ալթունյանը, ով վաղուց բժշկությամբ չի զբաղվում, առողջապահության համակարգի խնդիրներին գոնե առայժմ չի տիրապետում:


Այս բացը նա լրացնում է լրագրողների հետ անկեղծ զրույցներով և եթե այս միտումը պահպանվիԱլթունյանը շատ շուտով կհայտնվի աղմկոտ հրապարակումների կիզակետում: 


«Բժիշկների համեմատ հարուստ եմ, շատ հարուստների համեմատ աղքատ»,- իր սոցիալական կարգավիճակը խոստովանում է նախարարը, կամա թե ակամա բացահայտելով մեկնարկային այն նշաձողը, որն ամիսներ անց, հնարավորություն կտա գնահատել նրա գործունեությունը: Ալթունյանը պետք է կարողանա առողջապահության համակարգը հեռու պահել այս ոլորտի «շնաձկների» թելադրանքից, վերացնել պետական ավելորդ միջամտությունները, մյուս կողմից՝ բուժսպասարկումը մատչելի դարձնել հասարակության բոլոր խավերի համար: Առողջապահության համակարգում կոռուպցիայի դրսևորումն ամենևին էլ այն չէ, որ բժիշկը կոնյակ կամ ծաղիկ է վերցնում՛: Դա ամենաանմեղ դրսևորումն է ու հավատացեք՝ այս ոլորտի կոռուպցիոն բուրգի հիմքը չէ:

 

Եթե բժիշկը տեսնի, որ նպատակային և արդյունավետ են ծախսվում ոլորտին հատկացվող բյուջետային գումարները, պետպատվերի փողերը, ապա համոզված կլինի, թե իր գործը գնահատվելու է բարձր աշխատավարձով, նրա աչքին չեն գալու քաղաքացու կողմից իրենց տրվող կոնյակը կամ մի քանի հազար դրամը: 

 

Ասել կուզեմ, որ նախարար Ալթունյանը կհաջողի, եթե իր գործընկեր բժիշկներն իր պես հարուստ լինեն: Դա կլինի չափանիշ, որով դրական կգնահատվի նրա գործունեությունը: Իհարկե Աթունյանը կարող է հետևել մյուս իշխանավորների օրինակին և պաշտոնի շնորհիվ կրճատել իր և օլիգարխների միջև եղած տարբերությունը: Բայց այս դեպքում նա պետք է գործի առողջապահության համակարգի և իր գործընկերների դեմ: 

 

Սարգիս Հակոբյան