Լեգիտիմությունն սկսել են քննարկել տարբեր մակարդակներում՝ սկսած ԶԼՄ-ներից, վերջացրած ընտանիքներով: Մեղմ ասած՝ գալիս է հետընտրական մի շրջան, երբ մարդկանց մեծ մասը, իրենց բան ու գործը թողած՝ անպայմանորեն իրենց դիրքորոշումն են հայտնում ընտանիքի անդամին, հարևանին, աշխատակցին կամ էլ փողոցներում հարցում անցկացնող երիտասարդ աղջնակներին(հաճախ՝ բարետես արտաքինով)՝ կապված այս կամ այն գործընթացի լեգիտիմության հետ:

 

Լեգիտիմությունը, որպես սոցիալ-հոգեբանական երևույթ, արդիականացող հասարակություններում հնարավորություն է տալիս դիտարկել քաղաքակրթական փոխակերպումները, որոնք, բացահայտելով ժողովրդավարական քաղաքական մշակույթի և բանավեճի, բանակցության ինստիտուտների ձևավորման շուրջ ծավալված այլընտրանքները, ենթադրում են ներքին հավասարակշռություն, հին իրողությունն ու գիտելիքները կրողներին հնարավորություն տալով ինքնակամ ընդունել նորը: Այս ամենը բացահայտում է ավանդական, արդիական և հետարդիական հասարակություններում քաղաքակրթական փոխակերպումների առանձնահատկությունները:

 

Լեգիտիմությունը համապատասխանում է ընտրազանգվածի, էլիտայի, լիդերության ինստիտուտների միջև առկա այն փոխհարաբերություններին, որոնց վրա ձևավորվում է քաղաքական իշխանությունը: Իսկ իշխանությունը լեգիտիմ է, եթե.

 

-ժողովրդից է բխում և իրագործվում է մեծամասնության կամքին համապատասխան

 

-պետական իշխանություն ունեցողն ուղղակի կամ անուղղակի ընտրված է ժողովրդի կողմից որոշակի ժամանակով և նրա կողմից էլ կարող է վերահսկվել

 

-իշխանությունն իրականացվում է սահմանադրական սկզբունքներին համապատասխան:

 

Իշխանության լեգիտիմության էության մեջ որոշիչը գերիշխանության արժեքաշահային համակարգի քաղաքական բովանդակությունն է, որը պետական իշխանության իրականացման մակարդակով արտացոլում է տարբեր տիպերի ընտրանիների վերաբերմունքն ինչպես մեկը մյուսի, այնպես էլ ընտրազանգվածի նկատմամբ:

 

Առաջիկա խորհրդարանական ընտրություններն, ըստ մի շարք մասնագետների, կտարբերվեն մյուսներից, հատկապես, իրենց մասնակիցների թվով. Խայտաբղետ ու ներկայացուցչական կլինեն նաև քաղաքական դաշտում խաղացողները: Հարց է առաջանում. իշխանություններն իրենց գոծելաոճին համաձայն կգնա՞ն ամեն ինչ, կամ ոչինչ սկզբունքով, կունենա՞նք այն տիպիկ պատկերը որն ունեցել ենք գրեթե բոլոր պառլամենտական ընտրություններից հետո (բացառություն է կազմում 1990 թվականի ԳԽ ընտրությունը, որը համարվում է ամենաարդար ու կայացած ընտրությոնը, չնայած կազմակերպվել էր ամենավատ ԸՕ-ով, այստող ևս մեկ անգամ պետք է հիշենք քաղաքական կամք ասվածի մասին):

 

Ամեն դեպքում՝ պետք է արձանագրել, որ Հայաստանում իշխանության բոլոր ինստիտուտներն անխտիր՝ լեգիտիմության լուրջ դեֆիցիտ ունեն, ու այդ բացը լրացնելուն ուղղված քայլերն առայժմ ոչ մի տեսանելի արդյունք չեն տալիս: Սահմանադրություն փոխելով՝ երկիր չես կառուցի, “դրայվին” բերելով՝ գործադիրը չես կայացնի, քաղաքական էլիտայի ներկա դեմքով' իշխանության լեգիտիմություն հաստատ չես ավելացնի: