Գյումրու «Շիրակ» օդանավակայանի մրցակցային առավելությունը պետք է լինի ավելի մատչելի և այլ տրամաբանության տոմսերի առաջարկումը: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվա 10 հազար դրամ արժողությամբ ավիատոմսերով թռիչքներ իրականացնելուն, ասաց ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:
«Սա շատ կարևոր իրադարձություն է հենց այն պատճառով, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանը մեր կողմից նախատեսված և նախագծված ձևաչափով սկսելու է աշխատել: Նախադեպ, որ բյուջետային ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա այս ձևաչափով»,- նշեց Ավետիսյանը: Նրա խոսքով՝ ռուսական ավիաընկերությունն առաջարկելու է սեգմենտավորված տոմսեր, X քանակի տեղերն X գնով: «Այդպես էլ կա, տոմսերը կսկսվեն 10 հազար դրամից: Կարող եք մուտք գործել «Պոբեդա» ավիաընկերության կայքէջն ու տեսնել, որ իր կողմից սպասարկվող ուղղությունների տոմսերի գները սկսվում են 999 ռուբլուց, եթե չեմ սխալվում՝դա կազմում է 7500 դրամ: Վստահ եմ, որ Գյումրիից Մոսկվա ուղղությամբ ևս նման գներ են լինելու»,- ասաց Քաղավիացիայի գլխավոր վարչության պետը:
Թռիչքներն իրականացվելու են «Բոինգ» 737-800 ինքնաթիռներով, որոնք ունեն 180 տեղ: «Ավիաընկերությունը տոմսերը վաճառում է «սկսած՝ մինչև» ձևաչափով, պարզ է՝ վերևի շեմը չի լինելու բարձր, որովհետև օդանավակայանի մրցակցային առավելությունը պետք է լինի նրանում, որ այն մատչելի և այլ տրամաբանությամբ տոմսեր առաջարկի: «Շիրակ» օդանավակայանի գներն ավելի էժան են, քան «Զվարթնոց»-ինը»,- նկատեց Ավետիսյանը: