Որքան էլ ցավալի լինի խոստովանելը, փաստ է, սակայն, որ արդեն վաղուց հայաստանյան ներքաղաքական իրականության անքակտելի մասնիկ է դարձել պրիմիտիվ պնակալիզությունն, երբ այս կամ այն քաղաքական գործիչը կամ ինքն իրեն հանրությանն այդ ֆորմատի մեջ մատուցել փորձող անձը, քաղաքական դաշտում իր տեղը չկորցնելու ու, ըստ էության, հանրության նյարդերի հաշվին սեփական անձնական ամբիցիաները բավարարելու համար, հաճախ ցուցաբերում է քստմնելի վարքագիծ՝ հաճոյանալու բոլոր նրանց, որոնց բարի կամքից է կախված այն հարցը, թե ինչ անակնկալներ կարող է մատուցել ժամանակը նրան: Կասկած լինել չի կարող, որ, օրինակ, հասարակությանն ինքն իրեն ամեն գնով որպես կատաղի ընդդիմադիր մատուցել փորձող Նաիրա Զոհրաբյանի ներկայիս գործողությունները կարելի է և պետք է համարել վերոհիշյալ տրամաբանությունից բխող քայլեր, որոնց նպատակն ընդամենը մեկն է՝ ապացուցել ոմանց, որ դեռևս պետքական է, իշխանությանը կամ գոնե դրա առանձին հատվածին համապատասխան ծառայություններ մատուցելու ընդունակ. «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ռեվոլյուցիա» հաղորդաշարին տված վերջին հարցազրույցում Զոհրաբյանի հնչեցրած մտքերի հավաքական իմաստը հենց սա կարելի է համարել:
Անկեղծ ասած՝ թե հատկապես որն էր հաղորդմանը հյուրընկալվելու՝ Նաիրա Զոհրաբյանի բուն նպատակն, այդպես էլ մինչև վերջ պարզ չդարձավ: Եթե ասենք նպատակ կար՝ Հովիկ Աբրահամյանի գովքն անելու, նախկին կառավարությանն էլ սեր խոստովանելու, ապա նա կարող էր դա անել ասենք շատ ավելի նեղ միջավայրում, հետևաբար՝ սեփական զգացմունքները հանրության սեփականություն դարձնելու կարիք ի սկզբանե պետք է որ չլիներ: Լա՛վ, մի՞թե Զոհրաբյանն անկեղծորեն կարծում է, թե այսքանից հետո Հայաստանում ինչ-որ մեկը ԲՀԿ-ին որպես ընդդիմադիր կուսակցություն կարող է ընկալել, մի ուժ, որ կարող է իրական այլընտրանք դառնալ ՀՀԿ-ին… Իհարկե, միգուցե ոմանք կարող են Զոհրաբյանի՝ Կարապետյանի կառավարության նկատմամբ տածած ատելության պատճառ համարել առաջինի բուռն ցանկությունը՝ ընդդիմադիր կերպարի մեջ հանդես գալու ու Կարապետյանի հաշվին ինքնահաստատվելու, բայց այն հարցը, թե հատկապես ինչով կարող է պայմանավորված լինել ի ծնե «ընդդիմադիր» Զոհրաբյանի՝ «ընդդիմադիր» ԲՀԿ-ի փաստացի ղեկավարի սերը այն կառավարության հանդեպ, որի մեղքով է, ըստ էության, որ Հայաստանն այսօր այս վիճակում է հայտնվել, այդպես էլ բաց է մնում: Կարծում ենք՝ չտեսնել, թե հատկապես ում շահերն է սեփական կրծքով փորձում պաշտպանել Նաիրա Զոհրաբյանը, պարզապես անհնար է, քանի որ առնվազն խուլուհամր պետք է լինել՝ չհամոզվելու համար, որ Զոհրաբյանի իմացած բոլոր յոթ երգերից յոթն էլ Հովիկ Աբրահամյանի մասին են…
Այնպես որ՝ հարցը, թե ինչպես կարող էր ԲՀԿ-ն խիստ կարճ ժամանակահատվածում վերածվել ինչ-որ անհասկանալի գոյացության ու սկսել սպասարկել բացառապես ՀՀԿ-ի շահերը, կարելի է պարզաբանված համարել. իրեն բոլոր առումներով սպառած Զոհրաբյանի աննկուն ջանքերի պատճառով է, որ ԲՀԿ-ն այսօր հասարակության կողմից ոչ մի կերպ չընկալվող, ասելիք չունեցող ուժի է վերածվել՝ անվերադարձ հիմունքներով կորցնելով սեփական համակիրներին, քամուն տալով քաղաքական կապիտալը:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ