Պարզ ու հստակ է մի բան՝ Սերժ Սարգսյանը 2018-ից հետո մտադիր չէ հեռանալ իշխանությունից: Հստակ է նաև, որ նա իշխանության մեջ մտադիր է մնալ առաջինի կարգավիճակով, իսկ դա գրեթե անհնար է, երբ մարդը խորհրդարանական համակարգում զբաղեցնում է ԱԺ նախագահի կամ, թեկուզև, երկրի նախագահի խորհրդանշական պաշտոնները: Եթե Սարգսյանն իր շրջապատում վստահելի ժառանգորդ ունենար՝ չէր գնա կառավարման համակարգի փոփոխության ռիսկային տարբերակին: Ըստ այդմ, գործող նախագահը, քաջածանոթ մեր քաղաքական իրականությանը, արդյունավետ չի համարում երկիրը միջնորդավորված ղեկավարելու տարբերակը: Սա հատուկ ասում ենք այն մարդկանց համար, ովքեր կարծում են, թե 2018-ից հետո Սերժ Սարգսյանը կբավարարվի «գենսեկ»-ի՝ ՀՀԿ առաջնորդի պաշտոնում: Սա էլ հրապուրիչ տաբերակ չէ Սարգսյանի համար: Նա ձգտում է վարչապետության և մնում է կանխատեսել, թե երբ տեղի կունենա դա. խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո՞, նախագահայան լիազորությունների սահմանադրական ժամկետի ավարտի՞ն, թե՞ այդ իրադարձության համար նախատեսված է «պահեստային ֆորսմաժորային իրավիճակ»: 

 

Երբ հստակ պատկերացնում ենք, թե ինչի է ձգտում Սարգսյանը՝ երկրորդական, երրորդական է դառնում՝ ինչ է ասել նա այս թեմայով երկու տարի առաջ, և այսօր ինչպես է դրժում իր խոստումը:Որպեսզի Սերժ Սարգսյանն առաջիկա հինգ կամ տաս տարիներին շարունակի մնալ իշխանության ղեկին, նրան պետք էր կառավարման համակարգի փոփոխություն: 2014-ին Հայաստանի քաղաքական դաշտն անապատացած չէր ինչպես այսօր, և ընդդիմությունը սահմանադրական փոփոխությունների գործընթացը նույնացնում էր իշխանության վերարտադրության ցանկության հետ՝ դրան հակադրելով Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը: 

 

Հենց այս համատեքստում էլ երկու տարի առաջ Սարգսյանը պատրաստակամություն հայտնեց չլինել նախագահ կամ վարչապետ, այլ խոսքով՝ հեռանալ: Ընդ որում, նրա խոսքի տողատակում, հեռանալու հորդոր կար նաև առաջին և երկրորդ նախագահներին: Սարգսյանը իմիտացնում էր, որ կառավարման նոր համակարգն իր հետ բերելու է նոր մարդիկ և նոր քաղաքականություն: Ժամանակը ցույց տվեց, որ գործ ունենք քաղաքական սովորական հնարքի հետ: Իրականության մեջ նոր կառավարման համակարգը փակում էր առաջին կամ երկրորդ նախագահների քաղաքական ռևանշի, այլ առաջնորդների քաղաքական հավակնությունների ճանապարհը՝ «կանաչ լույս» վառելով միայն Սերժ Սարգսյանի վերարտադրության համար: Հիմա, երբ քաղաքական խոչընդոտները վերացած են, Սերժ Սարգսյանը Ալ Ջազիրայի թղթակցի հետ անկեղծանում է և միանգամայն հնարավոր է համարում իր վարչապետության հեռանկարը: 

 

Ապրիլյան պատերազմը, սասանեց երկրի արտաքին, իսկ հուլիսյան դեպքերը՝ ներքին անվտանգությունը: Այնքան իրական ու առարկայական, որ իշխանությունը զգաց, հասարակական դժգոհության «9-րդ ալիքի» վտանգը: 


Կարեն Կարապետյանի ներկայացման ձևը շատ նման էր «ժառանգորդ» օպերացիային: Մոտավորապես այս ձևով 1999-ին, հեռանալուց առաջ Բորիս Ելցինը, հանրույթնան ու քաղաքական էլիտային ներկայացրեց վարչապետ Վլադիմիր Պուտինին:

 

Թվում էր, մինչև 2018-ի ապրիլն, երկրում հաստատվելու է «համաձայնեցված երկիշխանություն», որից հետո ամբողջ իշխանությունը կենտրոնանալու էր Կարեն Կարապետյանի ձեռքում: Բայց միայն թվում էր, որովհետև նույն Ալ Ջազիրայի հարցազրույցը բացահայտեց, որ Կարեն Կարապետյանին վերապահված է, ոչ թե նոր համակարգ ստեղծելու, այլ գործող համակարգում «հրդեհը մարելու» գործառույթ: Հիմա Սերժ Սարգսյանը խոստանում է խորհրդարանական օրինակելի ընտրություններ, որոնցում մեծ է լինելու կուսակցությունների դերը: Հերթական հնարքն է, որովհետև ընտրական համակարգի հիմքում դրված է տարածքային ռեյտինգային ցուցակի «ականը», որը ենթադրում է առաջիկա ընտրություններում ոչ թե քաղաքականի արժևորում, այլ քրեաօլիգարխիայի ռեստավրացիա: Եվ սա միանգամայն տրամաբանական է,եթե նկատի ունենանք, որ ընդդիմադիր դաշտում բաժնետեր է ոչ թե հասարակությունն, այլ նույն իշխանությունը: 

 

Խորհրդարանական մոդելը, Կարեն Կարապետյանի նշանակումը «իդեալական» ԸՕ-ն, ու նույնքան «իդեալական» ընտրությունները, ընդամենը գեղեցիկ հնարքներ են, որոնք գործադրվում են այսօր, վաղն իրենց տեղը զիջելով նորերի: Մնայունը՝ իշխանության ղեիկն մնալու Սերժ Սարգսյանի ցանկությունն է:

 

Սարգիս Հակոբյան