Վերջերս ծննդկան մահացավ Վանաձորի ԲԿ-ում, ավելի վաղ` նմանատիպ մահվան դեպքեր էին գրանցվել «Սլավմեդ»-ում ու «Շենգավիթ» ԲԿ-ում:
Այս դեպքերը հասարակական մեծ արձագանքը ստացան՝ առնվազն անհրաժեշտություն առաջացնելով, որ պետական մակարդակով քննության առնվի առողջապահության համակարգի որակի, ոլորտի կառավարման խնդիրները։ Պարզվում է, սակայն, որ մեր «տեխնոկրատ» կառավարության «արհեստավարժ» նախարարը գլոբալ հարցերով է զբաղված։ «Իմ համակարգը ամբողջ համակարգն է, ոչ թե մեկ-երկու բողոքավոր ծննդկանի բարեկամները։ Հասկացե՛ք դա վերջապես»:
Լրագրողի հստակեցմանը, թե մահվան դեպք է գրանցվել, առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը պատասխանել է. «Մահվան դեպքում զբաղվում է դատավորը, մորգը…»:
Նման ցինիզմը, քաղաքացու ճակատագրի հանդեպ արհամարհանքը, չի կարող հանդուրժվել որեւէ քաղաքակիրթ երկրում։ Առավելևս, երբ բառերի հեղինակը մարդ է, ով պարտավոր է առաջնորդվել Հիպոկրատի երդումով։ Եթե Կարեն Կարապետյանի կառավարության համար մարդն արժեք է ու ծրագրում գրվածները դատարկ խոսքեր չեն, ապա Ալթունյանն անհապաղ պաշտոնանկ պետք է արվի՝ նոր կառավարության հռչակած չափանիշներին, որդեգրած արժեհամակարգին չհամատասխանելու համար։
Սարգիս Հակոբյան