Հայտնի «կինոռեժիսոր», «կինոգետ», նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ «Ճոյտ»-ը, մտադիր է իր արվեստի գլուխգործոցների արտադրությունը թողնել ու շարունակել քաղաքական գործունեությունը: Այս մասին տարածված լուրերը ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաև ինքը՝ Հակոբ Հակոբյանը, չհստակեցնելով սակայն, թե որ քաղաքական թիմին է պատրաստվում միանալ:

 

Չթաքցնելով, որ ինքը ևս մտադիր է մասնակցել հաջորդ խորհրդարանական ընտրություններին, նա նշեց, որ բանակցում է քաղաքական բոլոր ուժերի հետ. «Բանակցություններ վարում ենք բոլորի հետ, քննարկումներն ընթանում են, բայց դեռ հստակ չենք որոշել, թե որ քաղաքական թիմի հետ կմասնակցենք ու ինչ ցուցակով»,- մեզ հետ զրույցում ասաց նա:

 

Նախկին հանրապետականը, սակայն, հերքում է այն տեղեկությունները, թե ինքը գաղտնի բանակցություններ է վարում Բաղրամյան 26-ում, որտեղ հանդիպումներ է ունենում նաև նախագահ Սերժ Սարգսյանի հետ: «Երկրի նախագահի հետ չեմ հանդիպել»,- հավաստիացրեց նա:

 

Իսկ թե որքա՞ն է հաջորդ Խորհրդարանում հայտնվելու իր շանսերը գնահատում, Հ. Հակոբյանը դժվարանում է ասել. «Դա պետք է որոշի ժողովուրդը, իմ որոշելիքը չէ: Դժվարանում եմ գնահատական տալ»,- ասաց նա:

 

Ճշտող հարցին՝ բացի ՀՀԿ-ից ո՞ր ուժերի հետ եք բանակցություններ վարում և վարել, նա կրկին չհստակեցրեց, հավելելով. «Ես հանդիպումներ եմ ունենում նաև ազգաբնակչության հետ՝ հասկանալու համար, թե որ քաղաքական ուժի հետ իմ շանսերը կարող են մեծանալ: Եվ մինչև այդ հանդիպումները չավարտվեն, ես չեմ կարող ասել, թե որ ուժի հետ կմասնակցեմ ընտրություններին»,- ասաց նա:

 

Դիտարկմանը՝ նախկին հանրապետականներից նաև Վիկտոր Դալլաքյանն է նոր կուսակցություն հիմնում, որտեղ մտադիր են հավաքվել իշխանություններից նեղացածները, շրջանառվում է նաև Ձեր անունը, Հ. Հակոբյանն ավելացրեց. «Ես չգիտեմ՝ ով ումից ա նեղացած, բայց ցանկացած ՀՀ քաղաքացի, ցանկացած մարդ՝ ցանկացած կուսակցության էլ կարող է միանալ ու իր գաղափարները ներկայացնել այդ կուսակցության ծրագրում: Իսկ որոշողը պետք ա լինի ժողովուրդը»,- եզրափակեց նա: