Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱՄՆ-ի նոր նախագահ դարձավ Դոնալդ Թրամփը: Քվեարկության ընթացքում նա ընտրական կոլեգիայի անդամների 276 ձայն է ստացել՝ անհրաժեշտ նվազագույն 270-ի պարագայում:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում՝ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը նկատեց, որ Դոնալդ Թրամփը, դեռևս նույնիսկ անուղղակիորեն՝ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ հայտարարություններ չի արել.

 

«Շատ դեպքերում՝ այս ընթացքը կապված կլինի նրանից, թե ինչ փոփոխություններ տեղի կունենան ռուս-ամերիկյան, ամերիկա-եվրոպական հարաբերություններում: Կապված՝ ինչ դիրքորոշում կձևավորվի Միացյալ նահանգներում՝ խորհրդային երկրների նկատմամբ, ինչ դիրքորոշում կձևավորվի Ռուսաստանի քաղաքականության նկատմամբ: Այսինքն՝ որքանով Միացյալ նահանգները հակված կլինեն շարունակելու ժխտման քաղաքականությունը և ինչ էֆեկտիվությամբ կտանեն այդ քաղաքականությունը: Այդ ամենը գործոններ են, որոնցից կախված կլինի հետագա ընթացքը»,- ասաց Մեհրաբյանը:

 

Որքանո՞վ այդ գործոնները կդառնան իրականություն և ի՞նչ աստիճանի ազդեցություն կունենան: Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ ներկա պահին հարցերն ավելի շատ են, քան պատասխանները:

 

Ըստ քաղաքագետի՝ Թրամփի՝ նախագահի պաշտոնում ընտրությամբ, էապես մեծացել է անորոշությունը:

 

«Որոշ ժամանակ՝ դեռ իներցիան կգործի այս հարցերում: Շատ բան կախված կլինի, թե ինչ քաղաքական համատեքստ կձևավորվի այդ անխուսափելի և խորը փոփոխությունների արդյունքում: Փոփոխություններն անխուսափելի են, դա՝ արդեն իսկ պարզ է»: