ԱԺ-ում մեկնարկել են քառօրյա աշխատանքները:

 

Հիշեցնենք, որ օրակարգում ընգրկված է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ներկայացված հիմնադրամ ստեղծելու նախագիծը, որի նպատակն է լինելու զոհված զինծառայողների և հաշմանդամություն ունեցող անձանց օգնելը: Նախագծով առաջարկվում է ՀՀ քաղաքացիներից գանձել հազարական դրամ, ինչը հասարակության մոտ դժգոհություններ է առաջացրել:

 

Օրակարգի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ նախագծով առաջարկվում է մեծացնել ՀՀ քաղաքացիների հարկային բեռը, և կոչ արեց դեմ քվեարկել նախագծին:

 

«ՀՀ քաղաքացիները նորից պետք է հարկեր վճարեն: Այսինքն՝ հարկային բեռն ավելանում է, որի համար նախատեսված է յուրաքանյուր անձից գանձել հազարական դրամ, և, որն, իբրև թե, պետք է ծառայի զինվորների առողջության ու հետագա ապաքինման համար, և նրանց ընտանիքների համար, որոնց կորցրել ենք պատերաազմական գործողությունների ժամանակ:

 

Հասկանալի է, որ այս բեռն ավելացվում է նախընտրական մի շրջանում, որի համար այս իշխանություններից պահանջվում է լրացուցիչ բյուջե, ովքեր էլ փորձում են այդ բյուջեն լցնել այս քայլով»,- հայտարարեց պատգամավորը՝ շեշտելով, որ այս նախագիծը չի ընդունվել հասարակության լայն շրջանակաների կողմից և պետք է դեմ քվեարկել:

 

«Պետք է մերժենք իշխանությունների այս ապօրինի քայլը: Հերի՛ք է զբաղվեք մուրացկանությամբ և ժողովրդից մուրաք հազար դրամ»,- հայտարարեց պատգամավորը:

 

Զարուհի Փոստանջյանի խոսքն ընդհատեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակայանն, ով այսօր էլ, սովորության համաձայն՝ անջատեց պատգամավորի խոսափողը: Նա նշեց, որ պատգամավորը թեմային կարող է անդրադառնալ ոչ թե օրակարագի հաստատման, այլ նախագծի քննարկման ժամանակ:

 

«Այս նախագիծը քննարկվել է տարբեր հանձնաժողովներում, ընդունվել՝ միաձայն: Կազմեք դեմ արտահայտվողների ցուցակ ու ներկայացրեք համապատասխան կառույցներին: Այս քայլով ժողովուրդը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ միասնական է»,- պատգամավորին ընդհատեց ԱԺ նախագահը: