«Երևան Գարեջուր» ընկերության հանդեպ գերիշխող դիրքի չարաշահման համար տուգանք կիրառվեց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում։ Տուգանքի չափն աննախադեպ է' 110 միլիոն դրամ։
Հանձնաժողովը նախորդ տարվանից արձանագրել է գարեջրի գնի' 1 լիտրի հաշվով 30 դրամի չափով բարձրացում։ Հանձնաժողովին ներկայացրած պարզաբանումներում ընկերությունը նշում է, որ ավելացել են արտադրության կազմակերպման համար անհրաժեշտ որոշ ծախսեր և 6 տոկոսով կրճատվել են գարեջրի իրացման ծավալները։
Հանձնաժողովի կողմից պարզաբանումների ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ գարեջրի արտադրության կազմակերպման համար անհրաժեշտ հումքի՝ ածիկի, ինչպես նաև այլ ծախսերի ավելացում չի արձանագրվել։ Չնայած այս ամենին, ընկերությունը բարձրացրել է գարեջրի գինը և ստացել 110 միլիոն դրամի լրացուցիչ շահույթ։ Այն հանձնաժողովի որոշմամբ ամբողջությամբ կփոխանցվի պետբյուջե։
«Գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսավարողների գործունեությունը մշտապես գտնվում է հանձնաժողովի ուշադրության կենտրոնում։ Նման տնտեսավարողները պետք է լինեն ավելի զգոն իրենց գնային քաղաքականությամբ։ Այդ անօրինական քայլերի պատճառով տուժում են սպառողները»,- նշեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը։
Հանձնաժողովը գարեջրի շուկայի ուսումնասիրման ը նթացքում բացահայտել է նաև մեկ այլ գերիշխող ընկերության գործունեության հետ կապված խնդիրներ, այն է՝ «Գյումրի Գարեջուր»-ը։ Գնային բարձրացում է արձանագրվել նաև տվյալ ընկերության մոտ, որը ՏՄՊՊՀ-ի պահանջով ներկայացրել է հիմնավորումները։ «Գյումրի Գարեջուր»-ը, պարզաբանելով ասել է, որ ավելացել են որոշ ծախսեր, հենց դա էլ պատճառ է հանդիսացել գնի բարձրացման։ Սակայն հանձնաժողովը պարզել է, որ փաստաթղթերում նշված ծախսերը ուռճացված են։
«Գյումրի Գարեջուր» ընկերությունը փորձել է արհեստական ձևով բարձրացրել է ծախսերը, ինչը ազդել է իր եկամտաբերության վրա։ Ըստ հանձնաժողովի' նմանատիպ ծախսեր ցույց տալու միջոցով ընկերությունը փորձել է նվազեցնել հարկային պարտավորությունները։ Հանձնաժողովը որոշեց ուսումնասիրության ուղարկել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե՝ հետագա ընթացքը ապահովելու համար։