Մինչ բոլորը սպասում են Կարեն Կարապետյանի կանխատեսելի «հանրապետականացմանը», երեկ, կեսգիշերին մոտ, կառավարող կուսակցությանն անդամագրվելու մասին հայտարարել է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Այս հայտարարությունը բազմաշերտ վերլուծությունների առիթ է տալիս։

Սկսենք այն հանգամանքից, որ Վիգեն Սարգսյանը ՊՆ առաջին նախարարը չէ, ով նույնանում է քաղաքական թիմի հետ։ Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը, Վազգեն Մանուկյանը՝ ժամանակին քաղաքական կյանքի ակտիվ դերակատարներ են եղել՝ զբաղեցնելով ՊՆ նախարարի պաշտոնը։ Այն ժամանակ դա եղել է բանակի քաղաքական ազդեցության հետեւանք։ Հիմա պատկերն այլ է. բարեփոխումների հետեւանքով՝ նախարարն իրականացնում է համակարգի ընդհանուր համակարգումը՝ զորքերի անմիջական ղեկավարումը վերապահելով գլխավոր շտաբի պետին։ ՊՆ նախարարն այսօր քաղաքական ֆիգուր է ու նույնիսկ բնական է նրա պատկանելիությունը որեւէ քաղաքական ուժի՝ հատկապես խորհրդարանական կառավարման պայմաններում։ Այլ խնդիր է, որ հասարակությունը, նույնիսկ սպայական կազմը, դեռ չեն «մարսել» այդ բարեփոխումները ու կասկածից վեր է, որ Վիգեն Սարգսյանը հայտնվելու է քննադատության թիրախում՝ բանակը կուսակցականացնելու, քաղաքական գործընթացի մեջ ներքաշելու համար։

Դարձյալ գործ ունենք այն իրավիճակի հետ, երբ բախվում ենք գաղափարի արժեզրկման վտանգավոր հեռանկարի հետ։ Ի վերջո՝ կարելի էր այս քայլը նախապատրաստել, ստեղծել համապատասխան հանրային կարծիք եւ ռեալիզացնել ոչ թե նախընտրական շրջանում, այլ՝ շատ ավելի ուշ, երբ երկիրը լիարժեք անցում կատարած կլիներ խորհրդարանական կառավարմանը։

Այնպես ստացվեց, որ վերջին շաբաթվա ընթացքում Վիգեն Սարգսյանը դարձավ իշխանության երկու ոչ պոպուլյար նախաձեռնությունների հիմնական դերակատարը։ Գուցե՝ հանիրավի, որովհետեւ իշխանության ներսում ամենաինտելեկտուալ կադրերից մեկն է։ Մյուս կողմից՝ օբյեկտիվորեն, որովհետեւ Սերժ Սարգսյանի ամենավստահելի մարդկանցից մեկն է։ Եթե Սերժ Սարգսյանը որոշել է հենց նոյեմբերի 26-ին ՀՀԿ-ին տալ խոստացված «նոր ոգին», ապա նա իսկապես այլընտրանք չունի։ Ակնհայտ է, որ Սարգսյանը որակյալ եւ հավատարիմ կադրերի պակաս ունի, սակայն ռիսկային է դրական իմիջ ունեցող նախարարի անվան ասոցացումը՝ ՀՀԿ-ի հետ։ Ակնհայտ է, որ Վիգեն Սարգսյանը շարքային հանրապետական չի լինելու, սակայն սա այն դեպքն է, որ պարզ չէ՝ նա՞ կուժեղացնի ՀՀԿ-ն, թե՞ ՀՀԿ-ն կստվերի նախարարի անձը։

Վիգեն Սարգսյանի «հանրապետականացումն» իր մեջ մեկ այլ մեսսիջ էլ է պարունակում։ Դա անուղղակիորեն հաստատում է, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է ոչ թե իշխանության փոխանցման, այլ՝ ամրապնդման։

Սարգիս Հակոբյան