ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաճախ են փոխվում։ Օրինակ՝ վերջերս փոխվեց ֆրանսիացի համանախագահը, սակայն այդ իրադարձությունն՝ ընդամենը մեկ տողով, արձանագրվեց օրվա լրահոսում։ Այլ է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի պարագայում։ Հնչում են կարծիքներ, արվում են կանխատեսումներ։

Ինքնին հասկանալի է, որ համանախագահը չի մշակում իր երկրի քաղաքականությունը։ Ճիշտ հակառակը՝ նա այդ քաղաքականության իրականացնողն է։ Մյուս կողմից՝ համանախագահի փոփոխությունը կարող է երկրի քաղաքականության փոփոխության ազդանշան լինել։ Ուորլիքը հեռանում է ոչ միայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահի պաշտոնից, այլ նաեւ Պետդեպարտամենտից։ Արդյո՞ք նա ինչ-որ բան գիտի ամերիկյան քաղաքականության կտրուկ շրջադարձի մասին եւ այլեւս չի ցանկանում շարունակել պետական ծառայությունը։ Դժվար է այս հարցին պատասխանել, մանավանդ, որ հունվարին իր պաշտոնից հեռանում է ոչ միայն Ուորլիքը, այլ՝ մի ամբողջ ամերիկյան վարչակազմ՝ նախագահի գլխավորությամբ։ Այսօր որեւէ մեկը չի կարող կանխատեսել Դոնալդ Թրամփի քաղաքականությունն՝ ընդհանրապես, եւ Ղարաբաղի հարցում՝ մասնավորապես։ Որեւէ մեկը չի կարող ստույգ պատասխանել նաեւ այն հարցին, թե արդյո՞ք Թրամփի փոփոխությունը պայմանավորված է ԼՂ հարցում ամերիկյան նոր քաղաքականության հետ։

Մի բան հստակ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում Ուորլիքի եռամյա գործունեությունը եղել է ԱՄՆ նախաձեռնողական ակտիվ քաղաքականության դրսեւորում՝ ոչ միայն ԼՂ հարցում, այլ նաեւ տարածաշրջանային խորապատկերում։ Ամերիկացի դիվանագետը՝ թվիթերյան իր գրառումներով, ոչ միայն որոշակիորեն կառավարել է կարգավորման գործընթացը, այլ փորձել է նաեւ դրան մասնակից դարձնել հակամարտ երկրների փորձագիտական, քաղաքացիական շրջանակներին։

Իսկ առայժմ մեզ մնում է սպասել ամերիկյան նոր վարչակազմի ղարաբաղյան քաղաքականության բացահայտմանն ու ամերիկացի նոր համանախագահին։

Սարգիս Հակոբյան