ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցրել է սուր շնչառական հիվանդությունների և գրիպի բարդություններից խուսափելու նպատակով ձեռնարկվելիք անհրաժեշտ միջոցառումների շարքը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, հաղորդագրության մեջ նշվում է. «Սուր շնչառական հիվանդությունների, գրիպի բարդություններից երբեմն դժվար է լինում խուսափել: Հենց դրանք են վտանգում մարդու աշխատունակությունը, ստիպում օրեր շարունակ անցկացնել անկողնում, «հետ ընկնել» առօրյայից, ստանալ տևական բուժում: Սակայն այս ամենից հնարավոր է խուսափել՝ իրականացնելով մի քանի հիմնական կանխարգելիչ միջոցառում:
ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս
.Չզբաղվել ինքնաբուժմամբ՝ սեփական նախաձեռնությամբ դեղեր, մասնավորապես հակաբիոտիկներ, չկիրառել,
.Հաճախակի օդափոխել փակ տարածությունները,
.Հետևել անձնական հիգիենայի կանոններին՝ հաճախակի լվանալ ձեռքերը,
.Եթե նկատվում են գրիպանման երևույթներ, անհրաժեշտ է սահմանափակել շփումները, մնալ տանը և հետևել բժշկի խորհուրդերին:
.Գործատուներին խորհուրդ է տրվում չպարտադրել գրիպով հիվանդ աշխատակիցներին ներկայանալ աշխատանքի,
Հագնվել եղանակին համահունչ, պահպանել հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ»: