Ազատության հրապարակում մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած շտապ հավաքը։ Մասնակիցներն աստիճանաբար հավաքվում են հրապարակում, սակայն Ոստիկանությունը բարձրախոսներով հայտարարում է, որ հավաքն անօրինական է, և մասնակիցները կարող են պատասխանատվության ենթարկվել։

Ազատության հրապարակում է նաև Րաֆֆի Հովհաննիսյանը։

Մասնակիցները վանկարկում են «Րա–ֆֆի նա–խա–գահ»։

Քանի որ Երևանի քաղաքապետարանը չէր արտոնել այսօրվա հանրահավաքը, Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբն այսօր՝ ավելի վաղ տարածել էր հայտարարություն այն մասին, որ Ազատության հրապարակում հրավիրում է շտապ հավաք' համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի, ըստ որի' շտապ է այն հավաքը, որը կազմակերպվում և անցկացվում է որևէ իրադարձությանը հրատապ արձագանքելու նպատակով և այդ նպատակին հնարավոր չէ հասնել իրազեկում ներկայացնելու ժամկետի պահպանման պարագայում (շտապ հավաք):

Ըստ նրանց՝ հավաքի անցկացման նպատակն է, մասնավորապես, արձագանքել Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային այցելություններից հետո հանրապետությունում ստեղծված իրավիճակին:

14.57
Քիչ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանին մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և նրան անձամբ զգուշացրեց, որ հավաքն անօրինական է, ինչը հավաքվածների դժգոհության առիթ դարձավ։

Հավաքվածները սուլեցին, ապա վանկարկեցին. «Ա-մոթ, ա-մոթ»։ Հանրահավաքի մասնակիցներն անընդհատ սուլեցներով աշխուժանում են, երբ Ոստիակնությունը բարձրախոսով իրազեկում է, որ հավաքն անօրինական է։

15.06

Tert.am-ի թղթակիցը Ազատության հրապարակից հայտնում է, որ հոսանքազրկել են հրապարակը՝ այսպիսով խոչընդոտելով հանրահավաքի կայացմանը, քանի որ, ըստ ոստիկանների, այն անօրինական է։ Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջում է միացնել հոսանքը իր կարճ ելույթի համար. խոստացել են վերականգնել։

15.13

Ազատության հրապարակում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է։ Րաֆֆի Հովհաննիսյանն սկսել է իր ելույթը։