ԱԺ նոր կանոնակարգ օրենքով՝ խմբակցությունների ղեկավարները լիազորություն են ստանում բացակա պատգամավորների փոխարեն, հատուկ լիազորագրով՝ քվեարկություն կազմակերպել: Սա, թերևս, ընդունված նախագծի ամենավիճելի տարբերակներից մեկն է, ինչի առթիվ հնչել են նաև քննադատություններ: Այդուհանդերձ՝ անտեսելով այդ քննադատությունները, օրենքի նախագիծն այսօր արժանացավ Ազգային ժողովի հավանությանը և առաջին ընթերցմամբ ընդունվեց:

 

Լրագրողներ հետ զրույցում, ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի դիտարկմանը, թե արդյոք սա չի՞ խանգարի ժողովրդավարության և փոփոխված կառավարման համակարագի կայացմանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ իհարկե՝ կխանգարի:

 

«Այս իշխանություններն արդեն իրենց ոճն են որդեգրել և իրենց ապօրինությունները, հանցագործությունները, խախտումները հետին թվով լեգալացնում են: Միշտ էլ սկզբում խախտում են, հետո ինչ-որ սահմանադրական ձև են ընդունում, որպեսզի այդ խախտումները օրինականացնեն, ինչն էլ անընդունելի է»,- նկատեց պատգամավորը:

 

Լ. Զուրաբյանի խոսքով՝ անօրինականություն է նաև լիազորագրով քվեարկություն կազմակերպելը, որն այսօր էլ Ազգային ժողովում կարծես սովորություն է դարձել: «Փաստորեն, լիազորագրով պատգամավորի փոխարեն հնարավոր կլինի քվեարկել, որով, ըստ էության՝ փորձում են իրենց ներկայությունն ապահովող մի քանի պատգամավորների, որոնք ԱԺ-ում բավականին հետաքրքիր ստատուս ունեն՝ ձայն բերող են, բայց խորհրդարանում ձայն չունեն: Եվ նրանց գոյությունն ավելի հեշտացնելու համար դիմում են այսպիսի քայլերի: Այսինքն՝ այն մարդկանց մոտ, ովքեր փայտի ծեծով են առավոտյան գալիս աշխատանքի, երևի ընդվզում է սկսել, և հիմա այդ փայտը փորձում են փոխարինել նման մի լիազորագրով»,- ասաց նա:

 

ՀԱԿ խմբակցության ղեկավարն ընդգծում է, որ ոչ մի դեմոկրատական երկրում նման բան չկա և ոչ մի երկրում սենատի անդամը կամ պատգամավոր չի կարող ուրիշի փոխարեն քվեարկել, ավելին՝ այդ պարտավորությունը վստահել խմբակցության ղեկավարին:

 

Լրագրողի դիտարմանը՝ առաջարկվում է, որ դա լինի այն պատգամավորների համար, ովքեր մեկնել են գործուղման, Լ. Զուրաբյանը կրկին չհամաձայնեց. «Դա աբսուրդ է: Ի վերջո՝ մենք ապրում ենք էլեկտրոնային դարում, և իրենք կարող են քվեարկությունն ապահովելու այլ ձև գտնել: Բայց նունիսկ այդ դեպքում մենք պետք է վստահ լինենք, որ անհատ պատգամավորն ինքն է իր էլեկտրոնային ստորագրությամբ քվեարկել: Մենք սրան դեմ չենք, բայց եթե կարողանան լիարժեք քվեարկություն ապահովել, ոչ թե՝ նրա փոխարեն քվեարկի խմբակցության ղեկավարը»,- ասաց նա: